Կարևոր իրադարձություններ

«Վարչապետը հնչեցրել է բավական հետաքրքրիր մտքեր, որոնք հայ-վրացական հարաբերությունները տեղափոխում են որակապես այլ հարթություն»․ Արման Բաբաջանյան

03 Մարտ, 2020 21:07
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
«Վարչապետը հնչեցրել է բավական հետաքրքրիր մտքեր, որոնք հայ-վրացական հարաբերությունները տեղափոխում են որակապես այլ հարթություն»․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։ Թբիլիսիում Հայաստանի վարչապետն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել հարևան երկրի նախագահի, վարչապետի, հոգևոր առաջնորդի, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բոլոր հանդիպումների ընթացքում երկուստեք շեշտվել և կարևորվել է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունն ու անփոխարինելիությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։

Բացի արարողակարգային հայտարարություններից՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ընթացքում հնչել են նաև բավական հետաքրքրիր մտքեր, որոնք հայ-վրացական հարաբերությունները տեղափոխում են որակապես այլ հարթություն։ Մասնավորապես՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով հայ և վրաց ժողովուրդների միջև խոր մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապերը, ավելացրել է․ «Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչև այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար»։

Նույն թեմային գրեթե նույն շեշտադրմամբ անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը։ «Մենք կանդրադառնանք այն բոլոր հարցերին, որոնք կարևոր են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար: Ես մի քանի հարց եմ ուզում ընդգծել. առաջինը՝ մեր երկրների ժողովրդավարական զարգացումը, տարածաշրջանի խաղաղությունը: Սա է հիմքը մեր երկրների, մեր ժողովուրդների տնտեսական զարգացման գործում: Ուրախ եմ, որ դուք նույնպես համամիտ եք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան։

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում ժողովրդավարության առանձնացումը չափազանց նշանային է ու կարևոր։ Խնդիրն այն է, որ ժողովրդավարությունը վաղուց սոսկ կացութաձև կամ կառավարման կարգ չէ։ Ժողովրդավարությունը այլևս երկրների անվտանգության համակարգերի կարևորագույն բաղադրիչ է։ Իսկ անվտանգության հարցում Հայաստանն ու Վրաստանն ունեն կենսական ընդհանրություններ ու հետաքրքրություններ։ Հատկապես տարածաշրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ազդեցության համատեքստում քրիստոնյա Հայաստանի հետ հարաբերությունը առանձնակի կարևորություն է ստանում Վրաստանի համար։ Մյուս կողմից՝ նույն այդ համատեքստում, նաև ռուս-թուրքական առճակատման ֆոնին, Վրաստանի հետ մեր կապերը դառնում են կենսականորեն կարևոր նույն անվտանգային առումով։ Այս բոլոր գործոնները մեր երկու երկրներին դարձնում են բնական դաշնակիցներ։

Ընդ որում, այդ դաշնակցության օբյեկտիվ հիմքերն այնքան խորն են, որ դրան, բարեբախտաբար չի խոչընդոտում միանգամայն տարբեր, անգամ հակամետ ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքներին Հայաստանի ու Վրաստանի պատկանելությունը։ Ի բարեբախտություն մեր երկու ժողովուրդների՝ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարներին մինչև օրս հաջողվում է այդ վեկտորալ հակադրությունները վերածել ընդհանրությունների և հակասությունների մեջ գտնել փոխադարձ շահեր։ Պետք է հույս ունենալ, որ այդ քաղաքականությունը կշարունակվի նաև ապագայում։
Հայ-վրացական հարաբերություններում չափազանց կարևոր նշանակություն ունի նաև ռազմական բաղադրիչը։ Բավական է հիշել, որ օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, որը Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ստորագրեց երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցության 2020 թվականի ծրագիրը, իսկ դրանից հաշված օրեր անց Վրաստան այցելեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ուշագրավ էր, որ Երևանում Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հայ զինծառայողները մասնակցելու են 2020 թվականի սեպտեմբերին վրացական Վազիանիում կայանալիք ՆԱՏՕ-ի «Nobel partner» բազմազգ զորավարժությանը։

Դա չափազանց կարևոր իրողություն է մեր պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։
Հայ-վրացական հարաբերությունները, ինչպես ընդունված է ասել, դատապարտված են դինամիկ զարգացման։ Դա բխում է երկու հարևան պետությունների ու բարեկամ ժողովուրդների անհատական ու միասնական շահերից։ Հայ-վրացական ամուր հարաբերությունները հանդիսանում են նաև տարածաշրջանի կայունության ու խաղաղության կարևորագույն գրավական»։

 

Լրահոս

Դիտել ավելին