Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը հայց կներկայացնի Մոնումենտում «Գոլդեն Փելիս»-ին վաճառված հողը վերադարձնելու պահանջով. Hetq.am

03 Մարտ, 2020 16:42
Դատախազությունը հայց կներկայացնի Մոնումենտում «Գոլդեն Փելիս»-ին վաճառված հողը վերադարձնելու պահանջով. Hetq.am

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ 

Հատուկ քննչական ծառայությունը «Հետքին» հայտնել է, որ անցել են նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները։

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը և Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ նրանք «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, մոտ 3 միլիարդ դրամ (6 միլիոն 250 հազար դոլար) շուկայական արժեքով, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասը վաճառել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելիս» ընկերությանը՝ ընդամենը 164 միլիոն դրամով։ Դա եղել է հողամասի կադաստրային արժեքը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ վաճառքի արդյունքում հասարակությունը զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման օրինակն ուղարկվել է գլխավոր դատախազություն` օտարված հողամասի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և այն պետության հաշվեկշիռ վերադարձնելու՝ պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ դատական հայց ներկայացնելու գործընթացն ընթացքի մեջ է։

 

 

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման հողհատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այն սկսվել է 2018 թվականի հոկտեմբերից։ 

Այս քրեական գործի շրջանակներում, բացի Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցից, այլ կարգավիճակ ունեցող անձ չկա։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է մոտ 30 տասնյակ անձ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը չի մանրամասնում, թե այնտեղ առանձնատուն ունեցող որ պաշտոնյաներն են հարցաքննվել։

ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ Կադաստրի պետական կոմիտեից ստացվել են 2 տասնյակից ավելի առանձնատների և հողատարածքների կադաստրային գործեր։ Բացի այդ, Երևանի քաղաքապետարանից առգրավվել են այդ տարածքում գտնվող առանձնատների հողհատկացման հիմքերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս փետրվարի 20-ի Կառավարության նիստին անդրադարձել էր բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կառուցած և չօրինականացված առանձնատներին, այդ թվում՝ Մոնումենտում կառուցված բնակելի տներին։ Փաշինյանը նշել էր, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի առանձնատներ։ «Ըստ էության, ապօրինի օտարված տարածքների վրա կառուցվել են ապօրինի շենքեր, հիմա էլ եկել են, ասում են՝ պետք է օրինականացնեք և պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմավորվել է այնպես, որ չունի տարբերակ քաղաքապետարանը չօրինականացնելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքներում թանկարժեք առանձնատներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Գագիկ Աբրահամյանը, Հովհաննես Սոֆոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին