Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ

03 Մարտ, 2020 16:15
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Իլյա Երկրորդը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նկատել, որ առաջին անգամ Իլյա Երկրորդի հետ հանդիպում ունեցել է 2018թ. հունիսին, որից պահպանել է ջերմ հիշողություններ: «Այս ընթացքում մեր հարաբերություններում արձանագրվել է դրական շատ բան, մեզ հաջողվել է այնպես անել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու ժողովուրդների` քրիստոնեական արժեհամակարգին հավատարմությունը ևս մեծ դեր է խաղում քաղաքական հարաբերություններում: «Ձեր ավանդը մեծ է այդ գործում և ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել և էլ ավելի ամրապնդել  փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: «Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հաջողությունների»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Մինչ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:


 

Լրահոս

Դիտել ավելին