Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

03 Մարտ, 2020 13:40
Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով:

Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք:

«Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել», – ասել է Աբաս Բադախշան Զոհուրին:

Քննարկվել է նաև նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է, ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում:

Արսեն Թորոսյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են ուղիղ  կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ:

«Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով», – ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը:

 

Լրահոս

Դիտել ավելին