Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը

03 Մարտ, 2020 10:18
ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը: Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են Հայաստանի Հանրապետությունը և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործության կատարումը, իսկ մյուսները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին