Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենաքննարկվածները. Շաբաթի TOP 10

16 Հոկտեմբեր, 2015 21:47
Հայաստանի ամենաքննարկվածները. Շաբաթի TOP 10

 

Անկախ իրենց նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից՝ նրանք իրենց ակտիվությամբ կամ անձնական հատկանիշներով այս ամիս կարողացել են գրավել հանրության ուշադրությունը: Եվ այսպես.

1. Արմենչիկ 

Հայ հանրության ճաշակային փոքրամասնությունը մշակութային շոկ ապրեց, երբ «Քո մաման» մշակութային կոթողը մարդկությանը նվիրաբերած «Ռաբիսի արքան» արժանացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը: Ոմանք, որպես իրենց «չար» ու «անճաշակ» սրտի մխիթարանք, առաջարկեցին ընդհանրապես այլևս լուրջ չընդունել պետական այդ բարձր կոչումը: Իրական արվեստով զբաղվող ու նման կոչում ստացած մեկ-երկուսն առաջարկեցին հրաժարվել սեփական կոչումներից: Հասարակության մի զգալի զանգվածն էլ ապշահար ու վրդովմունքով հետևեց մշակութային փոքրամասնության անիմաստ փոռթկումներին և շարունակեց համազգային տժժոցն արմենչիկյան արվեստի կնունք-հարսանիքյան ելևէջների ներքո: 

2.   Սամվել Կարապետյան

Բիբինն արեց իր գործը, Բիբինը կարող է հեռանալ. հոսանքը թանկացված է: Այժմ ՀԷՑ-ի թատերաբեմ է դուրս գալիս միլիարդատերը Տաշիրից, ով որպես ազգի փրկիչ այնպիսի մենեջմենթ կապահովի ՀԷՑ-ի կոռումպացված աշխարհում, որ հոսանքը գոնե մի  տարի այլևս չի թանկանա: Ռուսաստանցի արդյունավետ միլիարդատերը Հայաստանի էներգահամակարգն ազատեց Ռուսաստանի պետական անարդյունավետ կառավարումից, իսկ ՀԷՑ-ն էլ շուտով կազատի հաշվիչները ստուգող և հոսանք գողացող էլեկտրիկներից:

3.   Արա Աբրահամյան

Հանրությունն ունի նոր Ծառուկյան, բայց այս անգամ ոչ թե Աբովյանից, այլ Մալիշկա-Մոսկվա տրանզիտից: Որպեսզի չկրկնի  Ռուսաստանում հարստացած ու Հայաստանում քաղաքական անփառունակ խաղեր տված իր նախորդների՝ Արկադի Վարդանյանի, Տիգրան Կարապետիչի և Արամ Կարապետյանի դառը ճակատագիրը, նա նախապես  ստացել է հայոց Նախագահի դաբրոն և ռուսաց Ցարի օրհնությունը: Մալիշկայի հետ իր հոգևոր, մշակութային և հատկապես լեզվական կապերն անխզելիորեն պահած «ամերիկացու պես ռուսը» շուտով կփրկի Հայաստանը:

4.   Ռուբեն Հայրապետյան

Նա հազիվ էր ազատվել ծեծված ազատամարտիկի տեղական մասշտաբի զրպարտանքից, երբ դարձավ միջազգային մեղադրանքի զոհ: Հայաստան-Ալբանիա խաղի խայտառակ ընթացքն ու արդյունքը նրան դարձրեց նոր սկանդալի հերոս: Խաղից հետո հայ հանրությունը քննարկում էր, թե ինչու՞ է նա սխալ մարզիչ ընտրել Հայաստանի հավաքականի համար, իսկ ավելի ուշ եվրոպական հանրությունը քննարկում էր, թե արդյո՞ք Հայաստանի հավաքականը խաղը պարտվելու համար ալբանացիներից 2.000.000 եվրո է վերցրել:

 5.   Զառա Արամյան

Նրան այս ամիս այնքան քննարկեցին, որ նա նույնիսկ լաց եղավ լրագրողական տեսախցիկի առջև: Համով դերասանուհուն հանրային քննարկման անարգանքի սյունին գամելու միակ պատճառն այն էր, որ նա համարձակվել էր Երևանի քաղաքապետից բնակարան ստանալ: Նախանձ մարդիկ որոշեցին հանրային դատաստան կազմակերպել դերասանուհու նկատմամբ և սեփական նախանձը սքողեցին բազում այլ արժանավորների բնակարանով օժտելու սրտացավությամբ:

  1. 6.   Տիգրան Խաչատրյան

Նա դարձյալ բանտից ու քրեական գործից չոր դուրս եկավ և հենց այդ պատճառով դարձավ ամենաճանաչված ու քննարկված երկրապահը Հայաստանում:  Սեփական փառքի հանդեպ անտարբեր երիտասարդը վերադարձավ հայրենի լեռներ, իսկ լրագրողական համայնքը,  ատամները կրճտացնելով և նրա անունն ու լուսանկարն անվերջ շրջանառելով, հարձակվեց նրա հոր, գլխավոր դատախազության ու քննչական կոմիտեի վրա:

7.   Ալինա Մարտիրոսյան

Նա ակտիվ փաստաբանական արշավ սկսեց լրատվական կայքերի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջիններս լայնորեն տարածեցին կեղծ տեղեկատվություն նրա ու 25-ամյա մի երիտասարդի սիրավեպի մասին: Նա վրդովված հերքեց այդ սիրավեպը, մինչդեռ այնպիսի  կրքոտ հայացքով ու դիրքավորմամբ էր նկարվել այդ երիտասարդ տղամադրու հետ, որ այդ նկարը ցանկացածի մոտ կարող էր սիրավեպի պատրանք առաջացնել:  

 

8.   Ռոբերտ Քոչարյան

Մեկ հարցազրույց, և նա արդեն ամենաքննարկվածների տասնյակում է: Իրականում հարցազրույցում հատուկ նորույթ կամ ցնցող լուր չկար, պարզապես այդ հարցազրույցն այնքան վաղուց էր խոստացվել և այնքան էր սպասվել նրա հետևորդների ու հակառակորդների կողմից, որ գոնե մի քանի օր այն դարձավ քաղաքական թիվ մեկ սենսացիան:  

9.   Գագիկ Հարությունյան

Է՛լ ապագա նախագահ, է՛լ Վենետիկի հանձնաժողովին կաշառող. Լևոն Զուրաբյանն այս ամիս կարողացավ Սահմանադրական դատարանի տարեց նախագահին քաղաքական նոր շունչ հաղորդել և նորից հետաքրքիր դարձնել հանրության համար: Հանրությանը հետաքրքրեց, թե արդյո՞ք մեր Թալեյրանն այժմ էլ կբազմի Նախագահի աթոռին, երբ նա հասցրել է արդեն նստել գրեթե բոլոր բարձրագույն աթոռներին կոմունիստների օրոք, Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, Սարգսյանի օրոք:

10.  Վահրամ Սահակյան

Ամենատաղանդավոր և ամենահայհոյախոս ժամանակակից գրողը կարողացավ դառնալ ամենաքննարկվածը՝ իր ձրի բնակարան ստանալով, այդ ձրի բնակարանը ստանալուց առաջ լրատվամիջոցներին ահաբեկելով և  ֆեյսբուքում կոռեկտ գրառման հեղինակի մոր արգանդի հասցեին խայտառակ լուտանքներ տեղալով:

 

Չենք անդրադառնում հանրության կողմից լայնորեն քննարկված մյուս գործիչներին, քանի որ եթե հանրային գործիչը իր լավ կամ վատ գործերով այս տասնյակում չէ, ապա գոնե այս ամիս և այս համատեքստում նրան հիշատակելու կարիք չկա:

 

Շաբաթիթղթակցակազմիևիրդիտարկումներըամփոփեցևներկայացրեց`

ՏիգրանԳալստյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին