Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ Ուրցաձորում սուբվենցիոն ծրագրեր չեն կատարվում․ ո՞վ է իրականում մեղավոր

03 Մարտ, 2020 00:30
Հեղինակ՝ ՀՀ Արարատի մարզպետարան
Ինչու՞ Ուրցաձորում սուբվենցիոն ծրագրեր չեն կատարվում․ ո՞վ է իրականում մեղավոր

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել․ 

«Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում, խոսելով 2020 թվականին համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին, ասել է. «Ներկայացրել ենք հայտ, բայց չի անցել: Համենայնդեպս՝ ավելի լավ էինք գրել, քան նախկինում, բայց չի անցել։ Վշտացած չեմ։ Էլ չեմ ներկայացնի, կփորձենք համայնքի ուժերով էդ ամեն ինչը անել»:

Ուրցաձոր համայնքի ղեկավարի վերոնշյալ հայտարարության հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Արարատի մարզպետարանի կողմից համայնքների ղեկավարներին, այդ թվում՝ Ուրցաձորի համայնքապետին, շրջաբերականով տեղեկացվել է, որ արդեն կարող են սկսել 2020 թվականի սուբվենցիոն հայտերի մշակումը: Բացի այս, արդեն 2020 թվականի հունվարին համայնքների ղեկավարների հետ հստակեցվել են հայտերի ներկայացման ժամկետները, որն էր՝ փետրվարի 5-ը: Ընդգծենք, որ Ռաֆիկ Անդրեասյանի հետ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները անձամբ են զրուցել՝ ներկայացնելով հայտերի ներկայացման մանրամասները:

Նշենք, որ Ուրցաձոր խոշորացված համայնքից սուբվենցիոն երկու ծրագրերի հայտերը ներկայացվել են փետրվարի 5-ին, երբ հայտերը լրամշակելու հնարավորություն արդեն չի եղել: Նաև շեշտում ենք, որ վերոնշյալ համայնքից ներկայացված երկու հայտերը բավականին թերի են եղել, ընդ որում՝ հայտերի համար համայնքի համաֆինանսավորման տոկոսները եղել են Կառավարության համապատասխան որոշման պահանջից քիչ:

Ուրցաձորից ներկայացվել էին գազաֆիկացման և մշակույթի տան վերանորոգման սուբվենցիոն հայտեր ՝ համապատասխանաբար 10% և 22,5% համաֆինանսավորմամբ:

Կառավարության 1708-Ն որոշման 24-րդ կետը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա տրամադրվում է սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի հետևյալ չափաբաժնով՝ ըստ ծրագրի հետևյալ ոլորտների՝

Բնակավայրերի գազաֆիկացում՝ 50 %
Մշակույթի տների վերանորոգում/կառուցում՝ 35 %

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել՝ մարզպետարանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջնորդվում են բացառապես օրենքով, համայնքի և բնակիչների շահերը մեզ համար գերակա են»,- ասված է պազաբանման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին