Կարևոր իրադարձություններ

«Չէինք կարող անտարբերություն ցուցաբերել և չիրականացնել մեկուսարանի կազմակերպումը. իրավիճակը միանգամայն վերահսկելի է». Ծաղկաձոր համայնքի ղեկավար

02 Մարտ, 2020 15:52
«Չէինք կարող անտարբերություն ցուցաբերել և չիրականացնել մեկուսարանի կազմակերպումը. իրավիճակը միանգամայն վերահսկելի է». Ծաղկաձոր համայնքի ղեկավար

Հարգելի հայրենակիցներ.
Վերջին երկու օրերին համացանցում կարծիքներ են հնչում Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում կորոնավիրուսի դեմ պայքարի մեկուսարան կազմակերպելու կապակցությամբ:
Ծաղկաձոր քաղաքը հանդիսանում է բոլորիս սիրված վայրը, հասկանալի է բոլորի անհանգստությունը , սակայն պետք է ասեմ, որ Ծաղկաձորը միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին նրա դժվար օրերին, ուրախությունների ժամանակ և այսօր էլ չի կարող դեմքով շրջվել:
Անցյալ դարի 20-ական թթ. այստեղ կառուցվել են որբանոցներ, որտեղ տեղավորվել են ցեղասպանությունից փրկված որբերը:
Հայրենական պատերազմի տարիներին կազմակերպվել են վիրավոր զինվորների համար հոսպիտալներ, որտեղ էլ նրանք բուժվել են:
1988թթ. աղետալի երկրաշարժից հետո այստեղ ապաստանեցին հազարավոր աղետյալներ , իսկ 90-ական թթ. սկզբներից՝ հազարավոր փախստականներ: Այնպես որ, Ծաղկաձորը և ծաղկաձորցին երկրի համար կարևոր պահերին միշտ նեցուկ է կանգնել իր ժողովրդին: Եվ որքան էլ կարևորվեն տնտեսական և այլ ցուցանիշները, մենք չէինք կարող անտարբերություն ցուցաբերել և չիրականացնել մեկուսարանի կազմակերպումը «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում, որը բավականին հեռու է գտնվում քաղաքից և հանգստացողների կուտակման վայրերից և ի լրումն հայտնեմ, որ այնտեղ գտնվում են կասկածյալ պացիենտները, այլ ոչ թե վարակվածները:
Երեկ ՀՀ Վարչապետի , ՀՀ Կոտայքի մարզպետի , նախարարների հետ միասին այցելեցինք «Գոլդեն փելես»  հյուրանոց, համոզվեցինք , որ ամեն ինչ կազմակերպված է պատշաճ մակարդակով և իրավիճակը միանգամայն վերահսկելի է, որը մեկ անգամ ևս ընդգծեց նրանց պատասխանատվությունը և պատրաստակամությունը գործի հանդեպ:
Քաղաքում խնդիրներ չկան, կյանքը գնում է իր բնականոն հունով , գործում են բոլոր հասարակական օբյեկտները:
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին