Կարևոր իրադարձություններ

Զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց․ առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է․ Անձնագրային վարչության հայտարարությունը

01 Մարտ, 2020 19:45
Զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց․ առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է․ Անձնագրային վարչության հայտարարությունը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները:

1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը բացակայում է կամ ներկայացնում է հիմնավորում, որ երեխային տանը խնամող չկա։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:

2. Երբեմն անձնագրային ծառայություններ ներկայանում են ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր պետք է դիմեն կոնկրետ ծառայություն մատուցելու համար, այլ նրանց հետ գալիս են ուղեկցողներ: Խնդրում ենք զերծ մնալ ուղեկցողների հետ անձնագրային ծառայություններ ներկայանալուց:

3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ մեկ անձը կարող է ընտանիքի մյուս անդամների, հարազատների, մտերիմների համար բացի իր համար կոնկրետ գործողության համար դիմելուց, դիմի նաև այլ անձանց համար, նույնիսկ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ։

Շնորհակալ ենք, ըմբռնումով մոտենալու համար: Առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին