Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում

29 Փետրվար, 2020 10:45
ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում

Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկելու է փետրվարի 29-ին, Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով՝ 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է.

«Դեռևս 1920 թվականի ապրիլի 23-ին էր, որ պետքարտուղար Բեմբրիջ Քոլբին Վաշինգտոնում Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցչին՝ Գարեգին Փաստրմաճյանին է փոխանցում ամերիկյան կողմի փաստաթուղթը, որով ճանաչում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնին ներկայացված են լինելու առասպել դարձած անուններ. Արամ Խաչատուրյան, Սերգեյ Փառաջանով, Ռուբեն Մամուլյան, Ջիվան Գասպարյան. Վաշինգտոնի ազգային տաճարում մարտի 4-ին տեղի կունենա խոշոր համերգ: Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:

«Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը», – դեսպան Ներսեսյանի խոսքով, Հայաստանում մեծապես կարևորում և բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի.

«Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եղել է կարևորագույն գործընկեր Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ»:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին