Կարևոր իրադարձություններ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

28 Փետրվար, 2020 21:31
Սուր շնչառական վարակներով պայմանավորված 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված  նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: 

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա: 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։
 

Լրահոս

Դիտել ավելին