Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացին Քուվեյթում բնակվող իր ծանոթից խաբեությամբ հափշտակել է 580.000 ԱՄՆ դոլար․ ՔԿ

27 Փետրվար, 2020 18:04
ՀՀ քաղաքացին Քուվեյթում բնակվող իր ծանոթից խաբեությամբ հափշտակել է 580.000 ԱՄՆ դոլար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 թվականին իր ծանոթին առաջարկել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում ավտոգազալցակայան կառուցել: Ստանալով վերջինիս համաձայնությունը, չարաշահելով որպես մտերիմ  իր նկատմամբ ունեցած նրա վստահությունը՝ Երևանի բնակիչն իր ծանոթին առաջարկել է համատեղ ՍՊ ընկերություն հիմնադրել և Քուվեյթից գումարները փոխանցել նշված ընկերության հաշվին՝ շինարարական աշխատանքները կատարելու համար, որից հետո վերջինս, մեկնելով Քուվեյթ, սկսել  է գումարներ փոխանցել համատեղ հիմնադրած ընկերության հաշվին:

Այնուհետև խարդախությամբ գույք հափշտակելու իր դիտավորությունը չբացահայտելու նպատակով՝ նա պատրաստել է կեղծ փաստաթղթեր և ներկայացրել դրանք իր ծանոթին՝ որպես համատեղ հիմնած ՍՊԸ-ի անվամբ ձեռք բերված գույքի փաստաթղթեր, որի արդյունքում խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 258.657.800 ՀՀ դրամին համարժեք՝ 580.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասով և 178-րդ (խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին