Կարևոր իրադարձություններ

Նոր «դավաճանների» փնտրտուք. Ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ»

27 Փետրվար, 2020 09:38
Նոր «դավաճանների» փնտրտուք. Ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որևէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով:

Իսկ առկա գործերով էլ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ: Երեկ էլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ և հայտարարել, որ կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում:

Չհամաձայնել վարչապետի հետ հնարավոր չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես այլընտրանք չունի: Սակայն հերթական անգամ ականջ ծակեց «դավաճան» բառը, որը հնչեց իրավապահ մարմինների ամենավերին օղակներում աշխատած որոշ մարդկանց առումով:

Թե կոնկրետ «ամենավերին օղակներում աշխատած» որ պաշտոնյաներին նկատի ուներ վարչապետը, դժվար է ասել, սակայն նման հայտարարությունն ինքնին չափազանց վտանգավոր է թե՛ կանխակալ որակում տալու առումով և թե՛ այն առումով, որ իրավապահ մարմինները այս խոսքերը կարող են դիտարկել որպես որոշակի գործողությունների հրահանգ: Սրան գումարած՝ կասկածներ հայտնվեցին իրավապահ համակարգի գործողությունների «լիարժեքության և լիաթոքության» առումով նաև ներկայումս:

Իսկ սա նշանակում է, որ կասկածները տարածվում են այսօր համակարգում աշխատող բոլոր մարդկանց վրա, ինչը հազիվ թե առավել արդյունավետ աշխատանքի երաշխիք լինի, եթե չասենք՝ լրիվ հակառակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին