Կարևոր իրադարձություններ

Սադրանքի վտանգ Թուրքիայի կողմից. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ»

27 Փետրվար, 2020 09:22
Սադրանքի վտանգ Թուրքիայի կողմից. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ:

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության ցանկացած դրսևորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիևի և Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն և Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան և պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 և ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, և կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները:

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի և Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց: Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի և Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ և նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում:

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որևէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար:

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս:

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, և հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը:

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր և Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, և կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում:

Ուշագրավ է նաև, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնևում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ:

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը և իրավիճակը Սիրիայի շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիև հանդիպման ֆոնին Մոսկվայի և Երևանի միջև դիրքորոշումների և հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել:

Մանավանդ որ Սիրիայում է նաև ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, և այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել:

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց և անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երևանը՝ Արևմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ և անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձևավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ և ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսևորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է և պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որևէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարևոր են իր ռազմավարական շահերը և տարածաշրջանում կայունության պահպանումը:

Բայց մյուս կողմից՝ ամենևին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որևէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաև տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության:

Ըստ այդմ, թերևս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները և վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը:

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բևեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, և ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին