Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում hetq.am

26 Փետրվար, 2020 19:47
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում hetq.am

hetq.am-ը գրում է․

«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն անցյալ տարի վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել: Հիշեցնենք, որ Գեւորգյանը նախկին (2011-2018 թթ.) ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:  

2015-ի օգոստոսի 14-ին (գործարքը գրանցվել է այս օրը) Ա. Գեւորգյանը 520.000 դոլարով բնակարան (condominium, condo) է գնել Գլենդելի Քեմփբել 1130 հասցեի բազմաբնակարան շենքում (1130 Campbell St Unit 104, Glendale, CA 91207): Այս շենքը կառուցվել է 2010-ին, համաձայն փաստաթղթերի, բնակիչների մեջ շատ են հայերը, այսինքն՝ Գեւորգյանը բնակարան է ձեռք բերել հայերի հարեւանությամբ: Արթուր Գեւորգյանի բնակարանն ուներ 146 քմ մակերես, 2 ննջասենյակ ու 3 լոգասենյակ:   

ԱԺ պատգամավորը գույքը ձեռք է բերել Վահե Տեր-Հարթունյանի (փաստաթղթերում՝ Vaheh Derhartounian) «1130 Campbell St. LLC»-ից: Բնակարանը գնելու համար հայ պաշտոնյան 30 տարի մարման ժամկետով 312.000 դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի եւ եկամուտների 2015 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել, որ այդ տարի անշարժ գույք է ձեռք բերել:

2016-ի հուլիսի 7-ին Գեւորգյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել, այս անգամ՝ Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասում՝ Ուիթսեթ պողոտայի 4832 հասցեի շենքում (4832 Whitsett Ave Unit 103, Valley Village, CA 91607): Գործարքի գինը կազմել է 475.000 դոլար: 2005-ին կառուցված շենքում հայ պատգամավորի գնած բնակարանն ուներ 96 քմ մակերես, 2-ական ննջասենյակ ու լոգասենյակ: Այստեղ եւս Գեւորգյանը հայ հարեւաններ է ունեցել:

Բնակարանը պաշտոնյան գնել է Հոլի Ֆայնստայնից (Holly Ann Feinstein): Այս գործարքի դեպքում եւս նա վարկ է վերցրել «East West Bank»-ից՝ 30 տարի մարման ժամկետով 285.000 դոլար: Գլենդելի բնակարանի նման ԱԺ պատգամավորը չի հայտարարագրել այս անշարժ գույքը, ինչը պարտավոր էր անել 2016 թ. տարեկան հայտարարագրում:

2019 թ. մարտի 5-ին Արթուր Գեւորգյանը, ով այլեւս պաշտոնյա չէր, «Arvivi» ՍՊԸ-ի անունից վաճառել է Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասի բնակարանը: Այն 515.000 դոլարով ձեռք է բերել Տարա Հոլտը (Tara Ashley Holt): Հիշեցնենք, որ պատգամավորը 2016-ին գույքը գնել էր 475.000 դոլարով: Ինչպես Գեւորգյանը, այնպես էլ նոր գնորդը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Այս գործարքից մեկ ամիս անց՝ ապրիլի 3-ին, Գեւորգյանն ամբողջությամբ մարել է 2016-ին «East West Bank»-ից վերցրած 285.000 դոլարի վարկը:

Նույն օրը՝ ապրիլի 3-ին, գրանցվել է Գլենդելի բնակարանի վաճառքի գործարքը: 2015-ին 520.000 դոլարով ձեռք բերած գույքը Գեւորգյանը «Arvivi»-ի միջոցով վաճառել է Վահե Հովհաննիսյանին (Vahe Hovhannisyan) ու Աննա Գրիգորյանին (Anna Grigoryan): Գործարքն արժեցել է 680.000 դոլար, որից 611.320-ը գնորդները վարկ էին վերցրել: Ինչպես նկատեցիք, երկու բնակարաններն էլ նախկին պատգամավորը վաճառել է ձեռք բերածից ավելի թանկ գնով: 2019 թ. ապրիլի 30-ին նա մարել է նաեւ Գլենդելի այս տան համար 2015-ին «East West Bank»-ից վերցրած 312.000 դոլարի վարկը:

2019 թ. մարտի 6-ին՝ Լոս Անջելեսի բնակարանը վաճառելու հաջորդ օրը, Արթուր Գեւորգյանը ձեռք է բերել Գլենդելի Մերիմեն դրայվի 1426 հասցեի առանձնատունը (1426 Merriman Dr, Glendale, CA 91202, տես լուսանկարում):

9d4319fd-b6f9-4ee5-a918-742757352533.jpg (958 KB)

Գույքը վաճառել են Անդրե եւ Արմինե Թորոսյաններն ու նրանց «The Torosyan Family Trust»-ը: Ընդ որում՝ նրանցից առաջ եւս տունը հայ տերեր է ունեցել:

 

Գեւորգյանի ու Թորոսյանների միջեւ գործարքի գինը կազմել է 1.525.000 դոլար (վաճառքի էր հանվել 1.599.000 դոլար արժեքով): Այս անգամ եւս Գեւորգյանը հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից 800.000 դոլարի չափով, մարման ժակետը՝ 30 տարի (մինչեւ 2049 թ.): Առանձնատան առքուվաճառքն իրականացվել է գործակալներ Մարտին Լազարյանի եւ Մայք Բաբախանյանի միջնորդությամբ:

3b43e63e-da35-4842-a786-6369af3a138e.jpg (527 KB)

12a5f271-1890-4089-b82e-8c7849104fb7.jpg (589 KB)

Այստեղ հատկանշական մի հանգամանք կա: Առանձնատունը ձեռք բերելիս նախկին պաշտոնյայի ու կնոջ՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանի միջեւ կնքվել է գործարք՝ «interspousal transfer grand deed» (ամուսինների միջեւ փոխանցման գործարք, տես ստորեւ), ինչը նշանակում է, որ նախկին ոստիկանապետի դուստրը համաձայնություն է տվել, որ ամուսինն առանձնատունը ձեռք բերի իբրեւ միանձնյա սեփականություն:

interspousal.jpg (137 KB)

Այս հանգամանքը հերթական ապացույցն է այն բանի, որ հրապարակման հերոսը հենց Վլադիմիր Գասպարյանի փեսան է՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը: Հետաքրքիր է, որ ամուսինների միջեւ կնքված գործարքը վավերացրել է հայ նոտար Արմեն Աբրամյանը (Armen J. Abramian):

bf031551-f4f6-45d0-b5dd-7ef33df1f680.jpg (831 KB)

Ա. Գեւորգյանի գնած առանձնատունը կառուցվել է 1952-ին, անշարժ գույքի ընդհանուր մակերեսը 1127 քմ է, տան մակերեսը՝ 250 քմ: Վերջինս ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, բակում՝ լողավազան, երկտեղանոց ավտոտնակ:

ded707dd-deb8-41ec-a3e5-5e14f9b0e021.jpg (895 KB)

2019 թ. հարկային տվյալների համաձայն՝ անշարժ գույքը գնահատվել է 963.000 դոլար (674.000-ը՝ հողը, 289.000-ը՝ տունը), որից հաշվարկվել է 11.000 դոլար գույքահարկ:

 

Այն բանից հետո, երբ Արթուր Գեւորգյանը վաճառել է 2 բնակարաններն ու ձեռք բերել այս նոր տունը, «Arvivi»-ն 2019-ի ապրիլին փոխել է գրանցման հասցեն՝ Գլենդելի Քեմփբել փողոցից տեղափոխվելով Մերիմեն դրայվ:

Տակավին վերջերս՝ 2020-ի հունվարի 23-ին, առանձնատունը նախկին պաշտոնյան ձեւակերպել է իր եւ «The Artur Gevorgyan Living Trust»-ի անունով»:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին