Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

26 Փետրվար, 2020 15:42
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:

Որոշման հրապարակմանը ամբաստանյալ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում:

Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:

Երեկ սկսված դատական նիստին, հիշեցնենք, պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը: Դրան միացել էր նաեւ ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ տվյալ պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չունի: Մյուս պաշտպանները հրաժարվել էին դիրքորոշում հայտնել:  Միջնորդության դեմ առարկել էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ այն որակելով անհիմն եւ պնդելով, որ իր կողմնակալության վերաբերյալ հայտարարությունները չփաստարկված, ընդհանրական դատողություններ էին: Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Միսակյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

Լրահոս

Դիտել ավելին