Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա

26 Փետրվար, 2020 14:02
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք հիմնականում իրենց աշխատակիցներն են, որոնց ինքն ազատել է աշխատանքից՝ ԲԿ-ի տնօրեններ:

«Մեկի մասով արդեն ավարտված է, կարծեմ հասել է Վճռաբեկ դատարան, մյուսի մասով ընթանում է: Մենք նույնպես ունենք հայցեր ներկայացված դատարան, պահանջում ենք, որ քրգործ հարուցվի ԲԿ-ներից մեկի տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, առաց հիմնադրի թույլտվության, առանց մարզպետի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է եւ տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել»,-ասաց Գարիկ Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ունեն համայնքի ղեկավարներ, որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված. «Մի դեպքում համայնքապետը պետական գույքը՝ դպրոցի շենքը, համայնքային է դարձրել, ապա անօրինական սեփականացրել է: Համայնքապետը գտել է, որ կարող է մի մեծ դպրոցի շենք համայնքային դարձնել, այնուհետեւ աճուրդով վաճառել իր վարորդին, իսկ վարորդն էլ հետո՝ իր աղջկան: Այնուհետեւ համայնքի ղեկավարը 4 վարձակալության պայմանագիր է կապել իր աղջկա հետ եւ 4 տարի ամսական 120 հազար դրամով վարձակալել է շենքը: Նրանք ընդունել են մեղքը, շենքը վերադարձվելու է պետությանը.,-ասաց մարզպետը՝ հստակեցնելով, որ խոսքը Ավշար համայնքի ղեկավարի մասին է, ով հիմա էլ պաշտոնավարում է:

«Այս պատմությունն սկսվեց նրանից, երբ List.am-ում հայտարարություն էին տեղադրել եւ այդ գույքը վաճառում էին 200 հազար դոլարից ավելի գումարով»,-ընդգծեց մարզպետը:

«Կան համայնքի ղեկավարներ, որ ամբողջությամբ չեն ընկալել, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին եւ ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ինչ տրամաբանության մեջ պետք է գործել: Նույիսկ կան համայնքի ղեկավարներ, որ սուբվենցիոն ծրագրերին չեն մասնակցում: Նրանք ասում են՝ մենք մեր միջոցներով մեր հարցերը կլուծենք, ձեզանից օգնություն պետք չէ: Նրանք հիմնականում նախկին ՀՀԿ-ական համայնքի ղեկավարներ են, նրանք ուղղակի այդպես վնասում են իրենց համայնքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին