Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմին. Շարմազանով

16 Հոկտեմբեր, 2015 21:46
ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմին. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգարժան հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 70 տարի, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության ամենաարյունահեղ էջը: Պատերազմը, որը խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, և որին մասնակցեց 64 երկիր, մարդկությանը վիթխարի տառապանքներ պատճառեց, որոնք ի հայտ եկան նացիզմի և այլատյացության դրսևորումների արդյունքում: Կարծում ենք, որ Առաջին աշխարհամարտի բացասական դասերը հաշվի չառնելը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը:

Ակնհայտ է, որ նացիզմի և ֆաշիզմի առաջին դրսևորումներն ի հայտ եկան ոչ թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այլ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ 1915 թվականին միլիոն ու կես հայ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում: Հայոց ցեղասպանության ժխտումն էլ հենց ուղի հարթեց նացիզմի և ֆաշիզմի հետագա դրսևորումների համար: Չնայած նրան, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է արդեն 70 տարի, մենք մինչ օրս զգում ենք ֆաշիզմի և ահաբեկչության դրսևորումների սպառնալիքը: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ մենք այդպես էլ չկարողացանք պատմությունից անհրաժեշտ դասեր քաղել. սրա վառ վկայությունը Մերձավոր Արևելքում տիրող անմարդկային գազանություններն են: Անկասկած, մենք բոլորս մտահոգ ենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությամբ, որն առաջացել է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Մենք իրավունք չունենք անմասն մնալ այս ամենից և պետք է կոշտ արձագանքենք մոլորակի բոլոր կետերում բռնության, նացիզմի և ահաբեկչության բոլոր դրսևորումներին:

Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունների ցանկացած տեսակ, այդ թվում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը: Խավարի, բարբարոսության և ատելության դեմ պայքարում չեն լինում մեծ կամ փոքր պետություններ:

Ցավոք, մենք ականատեսն ենք նմանօրինակ բացասական երևույթների նաև մեր տարածաշրջանում: Չնայած նրան, որ Հայաստանը ջանք չի խնայում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար, տարածաշրջանում մինչ օրս կան երկրներ, որոնց գործողությունները միտված են ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

Սեպտեմբերին այս քաղաքականության հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ: Այդ գործողությունները հակասում են Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությանը:

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ մեզ այսօր դեռ հարկավոր են հավելյալ հավաքական ջանքեր խաղաղության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման համար: Նացիզմի և ֆաշիզմի բոլոր դրսևորումների դեմ պայքարի միջոցով միայն մենք կկարողանանք հարգել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը:

Առաջադեմ մարդկությունը, և մասնավորապես ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմի, ծայրահեղականության և նացիզմի բոլոր դրսևորումներին, իսկ միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող դատապարտող հայտարարություններն այս առնչությամբ պետք է լինեն օբյեկտիվ, և, որ ամենակարևորն է, հասցեական: Դրանք պետք է չբխեն առանձին երկրների քաղաքական, տնտեսական և այլ շահերից: Ֆաշիզմի և նացիզմի բոլոր դրսևորումների դեմ պայքարում մենք պետք է հանդես գանք միասնական: Այլ ուղի չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին