Կարևոր իրադարձություններ

Երևանի դպրոցներից մեկում ծնողը հարվածել է ուսուցչին. քաղաքապետի տեղակալն այցելել է դպրոց

25 Փետրվար, 2020 13:40
Հեղինակ՝ Տիգրան Վիրաբյան
Երևանի դպրոցներից մեկում ծնողը հարվածել է ուսուցչին. քաղաքապետի տեղակալն այցելել է դպրոց

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, թե մայրաքաղաքի դպրոցներից մեկում աշակերտի ծնողն ապտակել է ուսուցչին:

«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:

Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը, ըստ էության, չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են արել և բռնության փաստը չի հաստատվել:

Զրուցեցի նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքն անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և, առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցերի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»,- գրել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին