Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Ճապոնիան հստակ դիրքորոշում ունեն միմյանց համար կարևոր խնդիրների վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ճապոնիայի վարչապետին

23 Փետրվար, 2020 14:22
Հայաստանն ու Ճապոնիան հստակ դիրքորոշում ունեն միմյանց համար կարևոր խնդիրների վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ճապոնիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի մամաուլի ծառայությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերությունների ոչ երկար ժամանակահատվածում մեր երկրներին հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Հայաստանն ու Ճապոնիան հստակ պատկերացում և դիրքորոշում ունեն միմյանց համար կարևոր և զգայուն խնդիրների վերաբերյալ, արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում, ամրապնդվում են միջխորհրդարանական կապերը: Շարունակում է խորանալ փոխգործակցությունը հումանիտար, գիտակրթական, մշակութային ոլորտներում: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել նաև համագործակցությանը առևտրատնտեսական և ներդրումների ոլորտում:

Համոզված լինելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար՝ վերահաստատում եմ Հայաստան այցելելու Ձեզ ուղղված իմ հրավերը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին