Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության տարում կարողացել է լուրջ արդյունքների հասնել

22 Փետրվար, 2020 20:36
Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության տարում կարողացել է լուրջ արդյունքների հասնել

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության տարում կարողացել է լուրջ արդյունքների հասնել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի առաջարկով ու նախաձեռնությամբ ընդունեց թվային օրակարգ:

«Դա լուրջ քայլ է բոլոր հինգ երկրների համար: Եթե Հայաստանում բարձր տեխնոլոգիաները իսկապես մրցունակ են, և արտահանում ենք բավական մեծ ծավալներով, ապա ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մեծ մասում կա դրա դեֆիցիտը: Ամեն պարագայում, թվայնացման օրակարգը տանում է բարձր տեխնոլոգիաների զարգացման, այն ինչի կարիքը կա և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և՛ Ղրղզստանում»,-ասաց տնտեսագետը:

Հաջորդ նախաձեռնությունը կապված էր միասնական կենսաթոշակային շուկայի հետ: Այդ  ուղղությամբ Հայաստանի առաջարկով քայլեր ձեռնարկվեցին, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատուժի ազատ տեղաշարժի, այլև մարդիկ կարող են հանգիստ լինել, որ իրենց աշխատած տարիները, որպես ստաժ, հաշվի կառնվի ցանկացած երկրում:

«Հայաստանի նախաձեռնությամբ առաջին քայլերն են արվել նաև ռոումինգ ծառայությունների ուղղությամբ: Հույս ունենք, որ 2020 թվականին դա իրականություն կդառնա, այն է՝ ռոումինգի ծառայությունները ԵԱՏՄ տարածքում լինեն անվճար»,-ավելացրեր Թաթուլ Մանասերյանը:

Հաշվի առնելով արված աշխատանքն ու ունեցած հաջողությունները՝ տնտեսագետը նշեց, որ այդ ամենը գալիս է ասելու, որ եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին և գործընկերային հարաբերություններին, ապա կարող է ճեղքում մտցնել և ունենալ առաջընթաց: Այնինչ՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ բավական թերահավատ հայացքներ կային հինգ տարի առաջ:

«Ասեմ, որ մեր գործընկեր պետություններն օրինակ են բերում Հայաստանը՝ որպես երկիր, որը, լինելով ավելի կոմպակտ և տնտեսության առումով փոքր ծավալ ունեցող, կարողացավ ավելի շատ օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից, առավել ևս նախագահությունից»,-եզրափակեց տնտեսագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին