Կարևոր իրադարձություններ

«Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ. «Իրատես»

21 Փետրվար, 2020 09:45
 «Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Դատաիրավական ոլորտում իշխանության բարեփոխումների ողջ գործընթացը հանգեց ընդամենը ՍԴ-ի գործող կազմը փոխելուն միտված հանրաքվեի անցկացմանը։ Երկրորդական պլան են մղվել անկախ, ոչ կոռումպացված դատական համակարգ ունենալու բոլոր խոստումները։

Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի դատավորների կազմ. ահա այսպիսի էվոլյուցիա է ապրել դատաիրավական «բարեփոխումների» տեսլականն այս 2 տարում։

Մինչդեռ երկրում արդարադատության մթնոլորտ կարելի էր ձեւավորել շատ փոքր, բայց հաստատուն քայլերով։ Զորօրինակ, այս օրերին բավականին խնդրահարույց մեկ հարցի լուծմամբ, որը դարձել է իշխանության քաղաքական դագանակը։ Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հայտնի «մեթոդի» անհարկի կիրառման մասին է, որը բացահայտորեն ընտրողաբար է կիրառվում՝ «գործիք» դառնալով անցանկալի անձանցից ազատվելու, նրանց մեկուսացնելու հարցում։

Ամենեւին նպատակ չունենալով հարցը դիտարկել որոշ քրեական գործերի շրջանակում, ընդամենը մի դիտարկում. եթե իշխանություններին թվում է, թե իրենցից հետո եկողներն այս «գործիքն» իրենց դեմ մեծ հաջողությամբ չեն օգտագործի, չարաչար սխալվում են։ Նրանց դռան էլ է չոքելու մի օր այս ուղտը, ու դարձյալ գործող իշխանությունները կհիմնավորեն դա օրենքով, ինչպես այսօր է։

Անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին, այս միջոցը չպետք է կիրառվի քաղաքական նպատակահարմարությամբ, իմա՝ անհրաժեշտ է այս խնդրին լուրջ մոտենալ, եթե պետք է, նաեւ օրենսդրական փոփոխություն անել։ Այլապես ստացվում է, որ մարդուն կալանավորում են, դատավարությունն էլ, ենթադրենք, 5 տարի է ձգվում, հետո հանկարծ պարզվում է, որ նա անմեղ է։ Այս պարագայում ո՞վ է պատասխան տալու նրա կորցրած տարիների համար։ Սրանով անձի ազատության, անձնական անձեռնմխելիության, մարդու այլ հիմնարար իրավունքներ չե՞ն խախտվում։

Իրավաբանները մեկ անգամ չէ, որ ահազանգել են՝ կալանավորումը պետք է բացառիկ դեպքերում կիրառել, որովհետեւ այն քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է:

Մինչդեռ մեզանում դա կիրառվում է հատկապես այն մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքականապես ակտիվ են ու իրենց գործունեությամբ իշխանությունների համար վտանգ են ներկայացնում։ Երբեմն էլ այն կիրառվում է անձնական նկրտումները բավարարելու նպատակով։ Եթե այս իշխանությունն իսկապես ուզում է արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնել, իրեն էլ չհանձնել հաջորդ իշխանության քաղաքական քմահաճույքին, պետք է նախ եւ առաջ խափանման այս ձեւը քիչ կիրառել կամ որոշակի հստակություն մտցնել օրենքում։

Սակայն այսօր, երբ մարդու անմեղության կանխավարկածն անգամ բանի տեղ չի դրվում, դժվար է խոսել խափանման միջոցների իրավաչափ եւ ոչ իրավաչափ լինելու մասին։ Հիշենք՝ Հայաստանում «կա՞ մի դատավոր, որ վարչապետի ասածը չանի», կա՞ մի հարց, որ «ժողովրդի պահանջով» չանցկացվի։

Հավելենք, որ ասվածը միայն այսօրվա իրողություններով պայմանավորված չէ. որեւէ իշխանության ձեռքին այս «գործիքը» քաղաքական ու այլ նպատակներով չպետք է գործի դրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին