Կարևոր իրադարձություններ

Գեներալ Ալեքսանյանը, նրա «անտեսանելի» եղբայրն ու չեխական կազինոն. hetq.am

20 Փետրվար, 2020 00:25
Գեներալ Ալեքսանյանը, նրա «անտեսանելի» եղբայրն ու չեխական կազինոն. hetq.am

«Նա կարծես Ֆանտոմասը լինի»,- ասաց Չեխիայի հայ համայնքի անդամ մեր ընկերը, երբ հարցրինք, թե արդյոք ճանաչում է Շանթ Ալեքսանյան անունով մարդու: Պատասխանը զարմացնող էր. պարզվեց, որ համայնքում շատերը լսել են նրա մասին, գիտեն, որ մեծ բիզնեսներ ունի Չեխիայում, այդ թվում՝ խաղատուն չեխ-գերմանական սահմանի մոտ գտնվող Ժելեզնա Ռուդա քաղաքում, սակայն անձամբ չեն տեսել ու դեմքով չեն ճանաչում նրան, բացի դրանից՝ Ալեքսանյանի ընտանիքը համայնքի հետ կապ չի պահում:

Փոխարենը երբ 2010-ի մարտի 26-ին Չեխիայի փոխվարչապետ, այն ժամանակվա պաշտպանության նախարար Մարտին Բարտակը ժամանել էր Հայաստան ու հանդիպել Սեյրան Օհանյանին եւ Սերժ Սարգսյանին, չեխական պատվիրակության հետ եկած Շանթ Ալեքսանյանը ներկայացել էր իբրեւ հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը զայրացրել էր համայնքին: Ըստ մեր աղբյուրի՝ եղբորը պարբերաբար այցելում է գեներալ Ալեքսան Ալեքսանյանը: Մասնավորապես 2015-ի հոկտեմբերի 13-14-ին, երբ պաշտոնական այցով Չեխիա էր մեկնել Ս. Օհանյանի պատվիրակությունը, գեներալը դրա կազմում էր:

Շանթ Ալեքսանյանի մասին լավ գիտեն նաեւ պաշտպանության նախարարությունում: Նա ոչ միայն գեներալ Ալեքսանյանի եղբայրն է, այլեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտերիմը, ավելին՝ նախկին բիզնես-գործընկերը: Շանթը բազմաթիվ ընկերություններ է հիմնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Չեխիայում ու հիմա այդ երկրում անշարժ գույքի եւ բիզնեսի խոշոր սեփականատեր է:

Շանթ Ալեքսանյանի ընկերությունները Հայաստանում

Շանթ Ջոնիկի Ալեքսանյանը (ծնվ. 1972 թ., լուսանկարում) ՀՀ քաղաքացի է, գրանցված է Արմավիր քաղաքում, ներկայում ընտանիքով բնակվում է Պրահայում: Նրա հետ հայաստանյան նույն հասցեում են գրանցված մայրը՝ Կիմա Ալեքսանյանը, ինչպես նաեւ եղբայրներից Արայիկը (ծնվ. 1963 թ.) եւ քույրը՝ Նազիկը (ծնվ. 1967 թ.): Ավագ եղբայրը՝ գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը (ծնվ. 1961 թ.), բնակվում է Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Շանթը բիզնեսի մեջ է վաղուց: Հայաստանում նա մի քանի ընկերություններ է հիմնել:

Դրանցից առաջինը, որը զբաղվում է սննդամթերքի մանրածախ առեւտրով, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի, գրանցվել է 1994-ին եւ մինչեւ 2000-ը կոչվում էր «Շանթ» ՍՊԸ, իսկ հետո դարձավ «Շանթ եւ եղբայրներ»: Անվանափոխմանը զուգահեռ փոխվել է նաեւ ընկերության հասցեն՝ Արմավիրից տեղափոխվելով մարզի Նորապատ գյուղ: Հիմնադրել են Շանթն ու հայրը՝ Ջոնիկ Ալեքսանյանը: Այս տարվա մարտին Արմավիրի փոխմարզպետ նշանակված դաշնակցական Գագիկ Գաբրիելյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 2000-2002 թթ. իբրեւ տնօրեն աշխատել է այս ընկերությունում, սակայն ռեգիստրում նրա անունը չկա: 2014-ից ընկերության միակ փայատերն ու տնօրենը Շանթի ավագ դուստրն է՝ 20-ամյա Անուշը: Կանոնադրական կապիտալը 16,8 մլն դրամ է, ներկայում ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Շ. Ալեքսանյանը 4 երեխա ունի՝ Անուշը, Ջոնը, Կարապետը եւ Ալեքսան: Վերջին երկուսն անչափահաս են, Անուշը հաշվառված է Երեւանում՝ Չարենցի 12 նորակառույց շենքում, որտեղ գրանցվել է նաեւ մայրը՝ Լարիսա Ժորայի Զաքարյանը: Ընդ որում՝ նրանք գրանցված են տարբեր բնակարաններում: Իսկ 19-ամյա Ջոնը հաշվառված է հոր հետ Արմավիրում:

Աջից ձախ՝ Չարենցի 10, 12, 14 շենքերը

Երկրորդ ընկերությունը՝ «Նորոգշին 1» ՍՊԸ-ն, գրանցվել է 1995-ին: Հիմնադիրների թվում էին Ջոնիկ Ալեքսանյանն ու Շանթի աներորդի Կամո Զաքարյանը: Վերջինս նույնպես հաշվառված է Արմավիր քաղաքում, կարճ ժամանակահատված եղել է նաեւ «Շանթ եւ եղբայրների» միակ փայատերն ու տնօրենը: Նորապատում գրանցված «Նորոգշին 1»-ը հետագայում լուծարվել է: 

2001-ին Շանթ Ալեքսանյանը հիմնել է «Փոքրիկ Ջոն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարությամբ: Սա էլ գտնվում է Նորապատում: Կանոնադրական կապիտալը 35,6 մլն դրամ է: Իբրեւ տնօրեն ու միակ փայատեր Շանթին փոխարինել է Կամո Զաքարյանը, իսկ 2014-ից՝ նույնպես արմավիրցի Համլետ Հակոբյանը: Ռեգիստրի տվյալներից կարելի է ենթադրել, որ Հակոբյանը կապ ունի Ալեքսանյանի հետ, այսինքն՝ ընկերությունն իրականում Շանթինն է:

«Փոքրիկ Ջոնի» ստեղծումից օրեր անց Շ. Ալեքսանյանը, եղբայրներ Արմեն ու Գագիկ Քալանթարյաններն ու Ռուբիկ Եգորյանը հիմնել են «Ջեֆերս ակումբ» ՍՊԸ-ն: 10 տոկոսը պատկանում է Եգորյանին, իսկ 30-ական տոկոս՝ առաջին երեքին: Ընկերությունը գրանցվել է Երեւանի Ազատամարտիկների (նախկին Դիմիտրովի) փողոցի տներից մեկում, որտեղ հաշվառված է Ա. Քալանթարյանը: Կանոնադրական կապիտալն ընդամենը 50.000 դրամ է, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Ըստ կանոնադրության՝ ընկերության գործունեության հիմնական տեսակներն են հյուրանոցային գործունեությունը, պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտուրը, հասարակական սննդի կազմակերպումը, խաղատների, բաղնիքի եւ սաունաների գործունեությունը, ավտոտեխսպասարկումը, բենզալցակայանների գործունեությունը:

Մի ընկերություն էլ Շանթն իր մերձավոր շրջապատի հետ հիմնել է 2005-ին: Ալեքսանյանի Արմավիրի տանը գրանցված «Մեր տունը» բնակարանաշինարարական սպառողական կոոպերատիվի առաջին տնօրենը հենց ինքն էր, այնուհետ՝ Կամո Զաքարյանը: Սկզբում ՍԿ-ն ունեցել է 10 անդամ, որոնցից յուրաքանչյուրի փայը կազմել է 10 մլն դրամ: Դրանց մեջ են եղել Շանթ Ալեքսանյանը, կինը՝ Լարիսա Զաքարյանը, եղբայրները՝ Ալեքսան եւ Արայիկ Ալեքսանյանները, թերեւս նրանց կանայք՝ Արմինե Ալոյանն ու Անուշ Պապյանը (մի քանի տարի եղել է «Շանթ եւ եղբայրներ» ընկերության տնօրեն ու փայատեր), վերոնշյալ Գագիկ Քալանթարյանը, երեւանցի Ադիմյանները: 2006-ին նրանց միացել է եւս 3 հոգի, ընդհանուր ֆոնդը դարձել է 750 միլիոն, որի 25 տոկոսը կամ 187,5 մլն-ը պատկանել է Շ. Ալեքսանյանին: 2008-ին կատարված հերթական փոփոխությամբ ՍԿ-ի անդամներն էին Շ. Ալեքսանյանը (50 տոկոս կամ 50 մլն դրամ), Ա. Պապյանը, Ա. Ալոյանը (25-ական տոկոս կամ 25-ական մլն դրամ): Կոոպերատիվի նպատակը, կանոնադրության համաձայն, բազմաբնակարան շենքի կառուցումն էր Երեւանի Չարենցի 10 եւ 12 շենքերի հարեւանությամբ: Այդուհանդերձ, այն չի կառուցվել, 2014-ին էլ կոոպերատիվը լուծարվել է:

Շ. Ալեքսանյանի հայաստանյան ընկերություններից ամենահետաքրքիրը, սակայն, «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն է:

Երեք ընկեր

2002-ի մայիսին Սեյրան Օհանյանը, Տիգրան Մովսիսյանն ու Շանթ Ալեքսանյանը ստեղծել են «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն իրենց անվան սկզբնատառերի կիրառմամբ: Օհանյանն ու Մովսիսյանը Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից են, ավելի կոնկրետ՝ նախկին նախարարը ծնվել է Շուշիում, որտեղից մայրն է, հայրը գորիսեցի է, սակայն 1974-ից Օհանյանի ընտանիքն ապրել է Մրգաշենում (ներկայում Ս. Օհանյանը հաշվառված է Երեւանի Նալբանդյան փողոցում):

Ընկերությունը նախապես գրանցվել է Ալեքսանյանի արմավիրյան տան հասցեում: 2003-ին Օհանյանն ու Մովսիսյանը դուրս են եկել ՍՊԸ-ից, սակայն 2004-ին կրկին միացել են Շանթին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 1999-ից ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, իսկ 2000-ից՝ նաեւ ՊԲ հրամանատարը (պաշտոնավարել է մինչեւ 2007 թ., ինչից հետո նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 2008-2016 թթ.՝ պաշտպանության նախարար): 2004-ին ընկերության հասցեն տեղափոխվել է Երեւանի Սայաթ-Նովայի 20/2: Հենց այստեղ էր «Պիրամիդա» գիշերային ակումբը, որը հիմա դարձել է սրճարան: Երեք ընկերներից Սեյրանը պաշտոնյա էր, մոսկվաբնակ Տիգրանը (հետագայում մահացել է) պատշաճ ֆինանսական կարողության տեր էր, իսկ Շանթը մասնագիտացել էր շինարարության եւ տարատեսակ բիզնեսի մեջ:

Երկրորդ անգամ ընկերության փայատեր դառնալուց շատ չանցած՝ նույն 2004-ին, Տիգրանը վերջնականապես դուրս է եկել ՍՊԸ-ից Շանթի հետ միասին: Նրանց տեղը զբաղեցրել է ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանը: Արցախում պաշտոնավարող Օհանյանն ընկերների օրինակին հետեւել է 2005-ին՝ իր փայը փոխանցելով հորը՝ Մուշեղ Օհանյանին (լուսանկարում՝ կնոջ եւ թոռան հետ): Ներկայում ՍՊԸ-ի 55 տոկոսը պատկանում է վերջինիս, իսկ 45-ը՝ Զադիկյանին: 59-ամյա Ք. Զադիկյանը Ֆրանսիայում ժամանակին կոշիկի ու կաշվե իրերի վերանորոգման, տարբեր իրերի մեծածախ առեւտրի եւ անշարժ գույքի վարձակալման բիզնեսներ է հիմնադրել, որդին՝ Քրիստոֆեր Զադիգ Զադիկյանը, բիզնեսներ ունի Հայաստանում, այդ թվում՝ վերոնշյալ Գագիկ Քալանթարյանի հետ:

«Ս.Տ.Շ.-Պիրամիդա»-ի կանոնադրական կապիտալը 50.000 դրամ է, գործունեության տեսակ է նշված սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումը եւ այլ գործառնություններ: Ընկերության անունը պարբերաբար հայտնվել է դատական պրոցեսներում:

«Պիրամիդա». կեղտոտ պատմություններ

2009-ին «Պիրամիդա» գիշերային ակումբի ուկրաինուհի նախկին պարուհիներից մեկը դատի էր տվել ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Սարգսյանին (ընկերությունը ղեկավարում էր 2006-ից), ով վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել էր կնոջը: Դատարանը, հաշվի առնելով, որ օրեր առաջ հայտարարվել էր համաներում, կարճել էր գործը, եւ տնօրենն ազատվել էր քրեական հետապնդումից:

Հրաչյա Սարգսյանը հերթական պատմության մեջ էր հայտնվել 2012-ին: ՀՀ-ից հեռանալիս Բագրատաշենի անցակետում նրան բռնել էին, այնուհետ կալանավորել: 2014-ի ապրիլին դատարանը, մեղավոր ճանաչելով նրան խարդախության փորձի եւ փաստաթղթերի կեղծման մեջ, դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչը վճիռն ուժի մեջ է թողել, իսկ Վճռաբեկը քննության չի վերցրել բողոքը: Ըստ դատական ակտի՝ «Ս.Տ.Շ.-Պիրամիդա»-ն մի քանի վարկ էր վերցրել «Արցախբանկից»՝ գրավադնելով Սայաթ-Նովայի 20/2 եւ Մետաղագործների 28 (այժմ՝ Ավագ Պետրոսյան փողոց) հասցեի անշարժ գույքը: Վարկերը եղել են կոնկրետ Օհանյանների համար, նրանք էլ փակել են դրանք: Ընթացքի մեջ է եղել միայն վերջին՝ 900.000 դոլար վարկի մարումը: Հրաչյա Սարգսյանը 2011-ին նոր՝ 15 մլն դրամ վարկ է վերցրել նույն բանկից՝ գրավադնելով իր անձնական բնակարանը, սակայն, կեղծելով ՍՊԸ-ի փայատերեր Մ. Օհանյանի ու Ք. Զադիկյանի ստորագրությունները, ովքեր անտեղյակ են եղել այս նոր գործարքից, իբրեւ երաշխավոր ներգրավել է «Ս.Տ.Շ.-Պիրամիդա»-ին:

2012-ին էլ նա ընկերության անունով փորձել է ավելի քան 1 մլն դոլար վարկ վերցնել «ՎՏԲ» բանկից: Վերջինիս ներկայացրել է, թե վարկն ուզում է վերցնել Մ. Օհանյանը, որ գնի Զադիկյանի բաժնեմասը: Բանկն էլ հայտնել է, որ պիտի երաշխավորության պայմանագրեր կնքվեն Մուշեղ եւ Սեյրան Օհանյանների հետ, որոնց ստորագրությունները Սարգսյանը կեղծել է: Այլ փաստաթղթերի կեղծմամբ կադաստրին ու «ՎՏԲ»-ին հայտնել է, թե ՍՊԸ-ի վերը նշված անշարժ գույքի հանդեպ սահմանափակումներ չկան եւ վարկը ստանալու համար գրավադրել է դրանք: Իրականում գույքն արդեն իսկ գրավի տակ էր «Արցախբանկում»՝ Օհանյանների 900.000 դոլար վարկի շրջանակներում: Այսքանից հետո «ՎՏԲ»-ն Սարգսյանին տեղեկացրել է, որ 1,1 մլն դոլար վարկային գումարը փոխանցելու է ընկերության համար բացված հաշվին, սակայն ՍՊԸ-ի գործադիր ղեկավարը չի կարողանալու տնօրինել այն, քանի որ գումարն այնտեղից փոխանցվելու է Զադիկյանի հաշվեհամարին, որը կարող է տիրապետել անձամբ նա կամ նրա լիազոր անձը: Այս խոչընդոտը հաղթահարելու համար տնօրենը Ֆրանսիայում բնակվող փայատիրոջն ասել է, թե իբր վարկ պիտի վերցնի, որ մաս-մաս մարի ժամանակի ընթացքում նրա հանդեպ ՍՊԸ-ի կուտակած 80.000 դոլար շահաբաժնի պարտքը, ինչի համար անհրաժեշտ է Զադիկյանի լիազորագիրը, որ ինքը կարողանա տնօրինել հաշվեհամարն ու գումարների շարժը: Միաժամանակ ստել է, թե վարկի համար գրավի տակ է դնում իր անձնական բնակարանը, ինչն իրականում արդեն իսկ գրավադրվել էր 15 մլն դրամ ստանալու համար: Զադիկյանը հավատացել ու լիազորել է Սարգսյանին: «ՎՏԲ»-ն Զադիկյանի հաշվին փոխանցել է 1,1 մլն դոլարը, սակայն հաջորդ օրն իսկ Հ. Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ք. Զադիկյանի մոտ կասկած է ծագել, եւ նա բանկի կառավարչին հանձնարարել է դադարեցնել բոլոր գործարքները մինչեւ իր՝ Երեւան գալը: Շատ չանցած ընկերության տնօրենը փորձել է հեռանալ Հայաստանից, բայց չի կարողացել, քանի որ Հայաստան եկած Ք. Զադիկյանն արդեն դիմել էր ոստիկանություն:         

Այս բացահայտումից հետո՝ 2012-ի վերջին, երեւանցի Հ. Սարգսյանին «Ս.Տ.Շ.-Պիրամիդա»-ի տնօրենի պաշտոնում փոխարինել է աբովյանցի Սուրեն Հովհաննիսյանը: 2013-ի դեկտեմբերին ընկերությունն իր ակումբը 100.000 դրամ ամսավարձով տվել է «Արագ Քոմփանի» ՍՊԸ-ին: «Պիրամիդա» ակումբի գործունեությունը փաստացի ղեկավարել է վարձակալ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Արամ Կարապետյանը, որը, 2014-ի փետրվարին համաձայնության գալով Իրանի երկու քաղաքացիների հետ, սկսել է ակումբն աշխատեցնել նրանց հետ: Ըստ դատական ակտի՝ գիշերային ակումբի ղեկավարները որոշել են այն հրապուրիչ դարձնել մարմնավաճառներով հետաքրքրված իրանցիների համար: Դրա համար հայ մարմնավաճառներից ակումբի մուտքի գումար չեն գանձել, նրանց պատվիրած սննդի եւ խմիչքի համար կիրառել են զեղչեր, իսկ իրանցի այցելուների (թե կին, թե տղամարդ) մուտքը եղել է 5000 դրամ, փոխարենը արգելվել է հայ տղամարդկանց մուտքը «Պիրամիդա»: Ակումբում մշտապես ապահովվել է 20-25 մարմնավաճառների ներկայությունը, որոնց հետ իրանցիները տեղում հանդիպել են, պարել, գին պայմանավորվել եւ միասին դուրս եկել: Ըստ այդմ՝ ակումբի հիմնական եկամուտը եղել է իրանցիների թողած գումարը՝ մուտքի, սննդի եւ խմիչքի համար: 2015-ի հունիսին դատարանը Արամ Կարապետյանին մեղավոր է ճանաչել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն որոշել այն պայմանական չկիրառել եւ սահմանել 2 տարվա փորձաշրջան: Երկու իրանցիների մասով գործն առանձնացվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:  

Գեներալ Ալեքսանյանը

Ներկայացնում ենք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի պաշտոնական կենսագրությունը, որը տրամադրել է ՊՆ-ն:

Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 4-ին Արմավիր քաղաքում՝ ծառայողի ընտանիքում: 1979 թ. ավարտել է Արմավիրի N9 միջնակարգ դպրոցը: 1980-1985 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիական ինստիտուտը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:

1992 թ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: 1993 թ., քաջ գիտակցելով երկրում ստեղծված օրհասական վիճակը, որպես երկտարեցի սպա կամավոր զորակոչվել է ՀՀ զինված ուժեր եւ նշանակվել ՊՆ N զորամասում որպես հրետանային մարտկոցի հրամանատար, այնուհետեւ մինչեւ 1998 թ. հոկտեմբերի 28-ը նույն զորամասում զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ հասնելով նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնին:

1994 թ. անձնական սխրանքի համար վաղաժամկետ ստացել է մայոր զինվորական կոչում:

1998 թ. հոկտեմբերից մինչեւ 1999 թ. սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է ՊՆ N զորամասի շտաբի պետի զորահավաքային գծով տեղակալի պաշտոնը: 1999 թ. սեպտեմբերի 1-ին գործուղվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարարի օգնական (Սեյրան Օհանյանը նախարար էր նշանակվել դրանից օրեր առաջ՝ օգոստոսին- «Հետք»): 2002 թ. ավարտել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայի 5-ամսյա դասընթացները եւ ստացել մոտոհրաձգային, հրաձգային գնդի, բրիգադի հրամանատարի որակավորում: 2003 թ. տեղափոխվել եւ նշանակվել է ՊՆ N զորամասի, 2007 թ.-ին՝ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնին:

2007 թ. նշանակվել է ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ: 2009 թ. փետրվարի 27-ից զբաղեցնում է ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը: 2012 թ. սեպտեմբերին ստացել է գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում:

Բանակաշինության գործում ունեցած ավանդի, բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է պատվոգրերով, ստացել պետական, գերատեսչական մեդալներ, պարգեւատրվել անվանական զենքով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փաստորեն, Ա. Ալեքսանյանը խորհրդային բանակում ժամկետային զինծառայություն չի անցել: Կենսագրության մեջ հստակեցված չէ, թե որ ջոկատներում է կռվել եւ ինչ մարտական ուղի է անցել: Պարզ չէ նաեւ, թե կոնկրետ ինչ արժանիքի համար է ստացել գեներալ-մայորի կոչում:

Համացանցում հանդիպեցինք Ս. Օհանյանի եւ Ա. Ալեքսանյանի (ինչպես նաեւ ՊՆ-ում հայտնի Գաստիկի) կապի մասին մի դրվագի, որն առնչվում է նախկին նախարարի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին: hzham.am կայքի հրապարակումից հետո Խաչատրյանը, ի թիվս նույն կայքի՝ իրեն առնչվող այլ հոդվածների, դատարանի միջոցով պահանջել է հերքել եւ հեռացնել այդ հրապարակումը եւս՝ այն համարելով զրպարտություն: Դատարանը բավարարել է հայցը: 

Շանթ Ալեքսանյանի չեխական ունեցվածքը

Մեր տեղեկություններով՝ Շ. Ալեքսանյանը, բացի Սեյրան Օհանյանից, սերտ հարաբերություններ ունի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ու սոցապահովագրության պետական հիմնադրամի (հետագայում դարձավ սոցապահովության պետական ծառայություն) նախկին նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանի հետ: Նրա նեղ շրջապատից է մսամթերք արտադրող «Մուշ» ընկերության 50 տոկոսի փայատեր Մխիթար Սարգսյանը, որին կանդրադառնանք ստորեւ:

«Joka SL»

Սա Շանթ Ալեքսանյանի հիմնած առաջին ընկերությունն է Չեխիայում: Ստեղծվել է 2004-ի հուլիսի 21-ին Պրահայում:

ՍՊԸ-ի 60 տոկոսի փայատերը Շանթն էր, 30 տոկոսը պատկանում էր կնոջը՝ Լարիսա Զաքարյանին, իսկ 10 տոկոսը՝ Արտակ Գրիգորյանին: Հիմնադրման փաստաթղթերում առաջին երկուսի հասցեն Արմավիրն է, իսկ Գրիգորյանինը՝ Պրահայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ստրակի (Straky) համայնքը: Հետագայում Գրիգորյանի փոխարեն փայատեր է դարձել Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ Վահիկ Մնոյանը: 2007-ին ընկերությունն ամբողջությամբ անցել է «Մուշի» սեփականատերերից երեւանցի Մխիթար Սարգսյանին: Հետագայում նրան միացել է նույնպես երեւանցի Վլադիմիր Մարգարյանը, իսկ 2014-ից 50-50 բաժնեմասերով ՍՊԸ-ն կիսել են Մ. Սարգսյանն ու Լ. Զաքարյանը: Անցյալ տարի Սարգսյանն իր փայը հանձնել է Շ. Ալեքսանյանին, վերջինս էլ այս տարվա հունվարին՝ որդուն՝ Ջոնին (լուսանկարում՝ ձախից, աջից՝ նրա մորեղբայր Կամո Զաքարյանը): Ներկայում ընկերությունը հավասարաչափ կիսում են մայր ու որդի, որոնք նաեւ «Joka SL»-ի տնօրեններն են (չեխական ռեգիստրի փաստաթուղթը տես այստեղ):

Ընկերության կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ): 2004-2008 թթ. ՍՊԸ-ի գործունեությունը մեծածախ առեւտուրն էր, իսկ 2008-ից՝ արտադրության, առեւտրի ու ծառայությունների տարբեր տեսակներ: 2004-2005-ին «Joka SL»-ն գրանցված էր Պրահայի Կրչ (Krč) թաղամասում, իսկ 2005-ին տեղափոխվել է Ստոդուլկիի Վոլուտովա 2524/12 շենք (Volutová 2524/12, Stodůlky): Ստոդուլկին բանվորական թաղամասի համբավ ունի, եւ այստեղ շատ են հատկապես հետխորհրդային երկրներից եկածները:

Վոլուտովա 2524/12 բարձրահարկը կողք-կողքի կառուցված 5 շենքերից մեկն է, որոնք համեմատաբար նոր կառույցներ են: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ Շանթն իր կնոջ եւ երեխաների հետ ապրում է այս շենքում, որտեղ 3 բնակարան ունի: Հավանաբար, անշարժ գույքի ձեռքբերումից հետո է «Joka SL»-ն տեղափոխվել այստեղ: Չեխիայի անշարժ գույքի կադաստրում կարելի է տեսնել, որ շենքի սեփականատերերի մեջ են Շ. Ալեքսանյանն ու Լ. Զաքարյանը, «Joka SL»-ն, ինչպես նաեւ Կոնստանտին եւ Սվետլանա Սարկիսովները, որոնց դեռ կանդրադառնանք:

 

Մենք սեպտեմբերին եղել ենք այս հասցեում, լուսանկարել դրա բնակիչների ցանկը: Ինչպես կարելի է տեսնել, բացի Ալեքսանյաններից ու Սարկիսովներից, բնակիչների մեջ են նաեւ ոմն Գեւորգյան եւ Սամվել Սարգսյան, որոնց բնակարանի համարը նույնն է: Կարելի է ենթադրել, որ դա հենց «Joka SL»-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանն է:

Եվս մի դրվագ «Joka SL»-ի մասին: Այս տարվա փետրվարին Լարիսա Զաքարյանն ու Ջոն Ալեքսանյանը գրավադրել են ՍՊԸ-ի իրենց բաժնեմասերը Լոնդոնում գրանցված «MULTICONTINENTAL DISTRIBUTION LIMITED»-ի անունով: Այս ընկերությունը «Հին Երեւան» նախագծի ներդրողներից մեկն է, որի թիկունքում կանգնած է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսը (ավելի մանրամասն տես ստորեւ՝ անձանց եւ ընկերությունների սխեմայում):    

«ROKO 9»

Ընկերությունը հիմնադրվել է 2009-ի հոկտեմբերի 27-ին Պրահայում՝ Վոլուտովա 2524/12 հասցեում: Կանոնադրական կապիտալը 300.000 կրոն է (մոտ 6 մլն դրամ), գործունեությունը՝ արտադրության, առեւտրի, ծառայությունների տարբեր տեսակներ, մի քանի ամիս առաջ ավելացել է նաեւ անշարժ գույքի վարձակալությունը:

Ի տարբերություն «Joka SL»-ի՝ այստեղ Շանթ Ալեքսանյանը երբեւէ մասնակցություն չի ունեցել: Հիմնադիրներն են եղել ՌԴ քաղաքացի, մոսկովյան գրանցումով Կոնստանտին Կոնստանտինի Սարկիսովը (90 %, լուսանկարում), որն, ըստ էության, Շանթի մերձավորներից է ու նաեւ գործընկերը, եւ Լարիսա Զաքարյանը (10 %): Հետագայում ամբողջ բաժնեմասն անցել է Սվետլանա Պարիսի  Սարկիսովային (Կ. Սարկիսովի կինն է, գրանցված են Մոսկվայի նույն հասցեում): 2014-ին Սարկիսովան ամբողջ փայը փոխանցել է երեւանցի Վլադիմիր Մարգարյանին, որը ժամանակին 10 տոկոս ուներ նաեւ «Joka SL»-ում: Մարգարյանն ապրում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ նույն հասցեում են գրանցված նաեւ հայաստանյան «HSBC» բանկի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը, տարբեր շինարարական ընկերություններում ներգրավված նրա եղբայրը՝ Տիգրան Փինաջյանը, ԵՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյանը: Այս տարվա մայիսին Վ. Մարգարյանից «ROKO 9»-ը ձեռք է բերել երեւանցի Վահրամ Վարդանյանը, որին մեկ այլ առիթով անդրադարձել ենք: Նոր սեփականատերն ընկերությունը տեղափոխել է Հրադեց Կրալովե քաղաք: Ըստ էության, Շանթ Ալեքսանյանի մերձավորներն այլեւս որեւէ առնչություն չունեն «ROKO 9»-ի հետ:    

«Joka 90»

Սա Շանթ Ալեքսանյանի առանցքային ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 2007-ի հուլիսի 25-ին՝ գրանցվելով Վոլուտովա 2524/12-ում: Կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է, գործունեությունը՝ անշարժ գույքի վարձակալությունը, որին հետո ավելացել են արտադրության, առեւտրի ու ծառայությունների որոշ տեսակներ:

Նախապես փայատերերը 50-ական տոկոսով Շանթ Ալեքսանյանն ու Էդգար Սարգսյանն էին, երկուսի հասցեն էլ վերը նշված նույն շենքն է: Շուտով Է. Սարգսյանն իր մասնաբաժինը փոխանցել է Լարիսա Զաքարյանին: Ապա ամուսիններին է միացել երեւանցի Ստեփան Ախոյանը (լուսանկարում), ով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի եղբայրն է, «Սպիտակ տնակ» շինարարական ընկերության ղեկավարը: 2012-2015 թթ. «Joka 90» ՍՊԸ-ն հավասար բաժնեմասերով կիսել են Շ. Ալեքսանյանն ու Կ. Սարկիսովը: 2015-ի մայիսին երրորդ փայատեր է դարձել Պրահայում գրանցված «APEX ENTERPRISE» ՍՊԸ-ն, որի արմատները տանում են Ավստրիա: Այս մասին կխոսենք քիչ ուշ: Մինչ այդ ասենք, որ 2014-2015 թթ. ընկերության բոլոր մասնաբաժինները գրավադրված էին վերը հիշատակված «MULTICONTINENTAL DISTRIBUTION LIMITED» լոնդոնյան ընկերության անունով: Այսօր «Joka 90»-ի 50 տոկոսը պատկանում է «APEX ENTERPRISE»-ին, 40 տոկոսը՝ Շ. Ալեքսանյանին, իսկ 10-ը՝ Կ. Սարկիսովին (փաստաթուղթ):

2012-ի հոկտեմբերին «Joka 90»-ը փոխել է հասցեն՝ տեղափոխվելով չեխ-գերմանական սահմանին հարող Ժելեզնա Ռուդա քաղաք (Չեխիայի հայտնի զբոսաշրջային կետերից է), ավելի կոնկրետ՝ Ալժբետին թաղամաս (Alžbětín 50, Železná Ruda): Այստեղ, ինչպես վկայում են անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերը, «Joka 90»-ը հսկայական հողատարածք ունի (նկարում նշված է կապույտով), որտեղ ամենահետաքրքիր կառույցը «Star's» կազինոն է (127 նիշի տակ):

 

Դրան կից կա նաեւ ռեստորան, մեծ ավտոկանգառ, դիմացի մայթին՝ եռահարկ հյուրանոց: 2013-ի փետրվարին արված լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչ տեսք է ունեցել ներկա հյուրանոցն ու տարածքը նախքան կազինոյի կառուցումը:

«Star’s casino» եւ «Joka Invest»

«Star’s casino» բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) հիմնադրվել է 2014-ի սեպտեմբերի 17-ին եւ գրանցվել նորակառույց կազինոյի հասցեում՝ Ալժբետին 50-ում (Alžbětín 50, Železná Ruda): Կազինոյի շինարարությունը, կադաստրի թղթերի համաձայն, ավարտվել է 2014-ի նոյեմբերի 25-ին: Միահարկ կառույցն ունի 2427 քմ մակերես, ավելի քան 17 հազ. խմ ծավալ:

Նկարի վրա սեղմելով՝ կարող եք տեսնել խաղատան եւ տարածքի եռաչափ պատկերը

Հասկանալի է, որ «Star’s casino»-ն հիմնադրվել է նորակառույց խաղատունը շահագործելու նապատակով: Նախապես ընկերության գործունեության տեսակ են նշվել անշարժ գույքի վարձակալությունն ու ակտիվների կառավարումը, ապա ավելացվել են արտադրության, առեւտրի ու ծառայությունների որոշ տեսակներ, սննդի պատրաստումը, սպիրտի, ալկոհոլի վաճառքը:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 2 մլն կրոն (շուրջ 40 մլն դրամ): Վարչության նախագահը, տնօրենն ու միակ բաժնետերը եղել է նույն անձը՝ Շանթ Ալեքսանյանը:

2015-ի ապրիլի 30-ին «Star’s casino»-ի հասցեում գրանցվել է նաեւ «Joka Invest» ՍՊԸ-ն (փաստաթուղթ): 200.000 կրոն կանոնադրական կապիտալով այս ընկերության գրանցման փաստաթղթերում գործունեության տեսակ էր նշվել անշարժ գույքի վարձակալությունը, ինչն այս դեպքում էական չէ, քանի որ ընկերության հիմնական նպատակը, ըստ էության, եղել է խաղատան ղեկավարումը: Բանն այն է, որ 2015-ի հունիսին հենց «Joka Invest»-ն է դարձել «Star’s casino»-ի միակ բաժնետերը՝ փոխարինելով Շ. Ալեքսանյանին: Միաժամանակ մեծացվել է «Star’s casino»-ի կանոնադրական կապիտալը: Շանթին պատկանող նախկին 20 բաժնետոմսը, որոնց ընդհանուր արժեքը 2 մլն կրոն էր, դարձվել են 1 բաժնետոմս, թողարկվել է եւս 49 բաժնետոմս այդ արժեքով: Այսինքն՝ ԲԸ-ի բաժնետոմսերի քանակը դարձել է 50 հատ՝ ընդհանուր 100 մլն կրոն արժեքով (մոտ 2 մլրդ դրամ): Նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվությունը տրվել է «Joka Invest»-ին (փաստաթուղթ): Իսկ վերջինիս միակ փայատերը ի սկզբանե եղել է «Joka 90»-ը, այսինքն՝ «Star’s casino»-ն 2015-ի հունիսից «Joka Invest»-ի միջոցով պատկանում է «Joka 90»-ին, ավելի կոնկրետ՝ դրա տերերին: 

Հիշենք, որ 2012-ից մինչեւ 2015-ի մայիս «Joka 90»-ի տերերը Շանթն ու Կոնստանտինն էին 50-ական տոկոս փայերով, իսկ մայիսին նրանց էր միացել «APEX ENTERPRISE»-ը, որը ձեռք էր բերել «Joka 90»-ի 50 տոկոսը, 40 տոկոսը մնացել էր Շանթին, 10-ը՝ Կոնստանտինին: Հենց նոր փայատիրոջ մուտքով էր պայմանավորված «Joka Invest»-ի ստեղծումն ու «Star’s casino»-ի միանձնյա տեր Շ. Ալեքսանյանի բաժնետոմսերի փոխանցումը դրան:

Մյուս կողմից՝ «Star’s casino»-ի տնօրենի պաշտոնում Շանթին փոխարինել է Ժելեզնա Ռուդայի բնակիչ Մարեկ Սեկիրան (Marek Sekyra), իսկ վարչության նախագահ է դարձել Յարոմիր Ստանեկը (Jaromír Staněk, լուսանկարում): Ստանեկը նաեւ «Joka Invest»-ի տնօրեններից մեկն է: Մյուսը Ռիչարդ Կավինան էր (Richard Kavina), որին այս տարվա փետրվարին փոխարինել է Շանթի որդին՝ այդ ժամանակ դեռեւս 18 տարեկան Ջոնը: Դրանից մեկ ամիս անց էլ Ջոնը դարձել է «Star’s casino»-ի նոր տնօրենը՝ փոխարինելով Մ. Սեկիրային: Այլ կերպ ասած՝ «Star’s casino»-ում եւ «Joka Invest»-ում Շանթի ներկայացուցիչն այսօր Ջոնն է, իսկ «APEX ENTERPRISE»-ինը՝ Յարոմիր Ստանեկը, ով ներգրավված է «APEX» բրենդի մի քանի այլ չեխական ընկերություններում եւս:  

«APEX ENTERPRISE»-ի ներգրավումից հետո «Star’s casino»-ի գործունեության տեսակներին ավելացել է վիճակախաղի եւ նմանատիպ այլ խաղերի կազմակերպումը:

 

Սխեմայում ներկայացված «APEX ENTERPRISE»-ի, դրա չեխական փայատեր ընկերությունների (s.r.o.) ու վերջիններիս փայատեր ավստրիական ընկերությունների (GmbH) տնօրենը նույն անձն է՝ Յոհանես Վայսենգրուբերը (Johannes Weißengruber, լուսանկարում), ով նաեւ այս բոլորի հիմքում ընկած «Schloß Tannbach» մասնավոր հիմնադրամի կառավարման խորհրդի 3 անդամներից մեկն է: Վայսենգրուբերը «APEX» ապրանքանիշի հիմնադիրն է (apex լատիներեն նշանակում է գագաթնակետ): «APEX»-ն արտադրում է շահումով խաղերի մեքենաներ, նաեւ խաղեր, այդ թվում՝ համացանցով ու բջջային հեռախոսով խաղալու համար: Ցանցի շտաբը Ավստրիայի Գուտաու (Gutau) քաղաքում է, իսկ արտադրությունը՝ Չեխիայի Լիտվինովիցե (Litvínovice) բնակավայրում: Մասնաճյուղեր ունի Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Ալբանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:       

Հենց «APEX»-ի արտադրանքն էլ կիրառվում է «Star’s» կազինոյում: Վերջինս իր կայքում այցելուներին առաջարկում է բազմատեսակ շահումով խաղերհյուրանոցային եւ ռեստորանային ծառայություններ: Կազինոյում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, այդ թվում՝ հայկական թեմայով:    

«Սթարս». գեներալի խնամու տաքսի-ծառայությունը

Գեներալ Ալեքսան Ալեքսանյանը երկու զավակ ունի՝ 28-ամյա Անին ու 25-ամյա Արեգը: Եթե առաջինը հաշվառված է հոր հետ՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածում, ապա երկրորդը գրանցված է Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ աներոջ՝ Հովհաննես Միրաքյանի տանը: 2015-ի փետրվարի 18-ին Հ. Միրաքյանը հիմնադրել է «Սթարս» ՍՊԸ-ն, որը տաքսի-ծառայություններ է մատուցում: Փաստորեն, Չեխիայում կազինո հիմնելուց հետո Ալեքսանյանների խնամին նույնանուն տաքսի-ընկերություն է բացել Երեւանում: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ ՍՊԸ-ի իրավաբանական ու գործունեության հասցեն հիմնադրի բնակարանն է, սակայն «Սփյուռ» տեղեկատուն նշում է Չարենցի 14-ը, ինչը ֆիքսել է նաեւ մեր ֆոտոխցիկը:

Հիշեցնենք, որ Շանթի կինն ու դուստրը՝ Լարիսա Զաքարյանն ու Անուշ Ալեքսանյանը, Չարենցի 12-ում են գրանցված:   

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Նարեկ Ալեքսանյանի, «Ֆեյսբուքի», համացանցի բաց աղբյուրների

 

Լրահոս

Դիտել ավելին