Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    549
    563

  • RUB

    6,32
    6,72

Կարևոր իրադարձություններ

Սաֆարովը բացահայտեց Ադրբեջանի ցեղասպան էությունն ու ապացուցեց, որ որևէ պարագայում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում․ Արման Բաբաջանյան

19 Փետրվար, 2020 18:08
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Սաֆարովը բացահայտեց Ադրբեջանի ցեղասպան էությունն ու ապացուցեց, որ որևէ պարագայում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ.

«16 տարի առաջ այս օրը՝ 2004-ի փետրվարի 19-ին, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարեց իր հետ ՆԱՏՕ-ի նույն դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Տարիներ անց Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որի իշխանությունները հերոսի կոչում շնորհեցին հայ երիտասարդին կացնահարած ոճրագործին։ Գուրգենի սպանությունն ինքնին և դրա դաժանությունը տասնամյակից ավելի Ադրբեջանում հայերի ու Հայաստանի դեմ պետական մակարդակով վարվող ատելության ու թշնամանքի քաղաքականության խտացված արտահայտությունն էր։

Սաֆարովը բացահայտեց Ադրբեջանի ցեղասպան էությունն ու իր զազրելի արարքով ապացուցեց, որ որևէ պարագայում, որևէ կարգավիճակով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, քանի որ արցախահայերն ունեն առաջին հերթին գոյաբանական անվտանգության խնդիր։ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, լինելով անձնական ու համազգային ողբերգություն, միևնույն ժամանակ հայկական կողմի համար առիթ պետք է դառնար աշխարհի առջև մերկացնելու Ադրբեջանի ցեղասպան էությունը, աշխարհին ապացուցելու, որ մարդուն կացնահարած ստահակին հերոսացնող պետությունը չի կարող ապահովել այն ազգի անվտանգությունը, որի ներկայացուցչին սպանում է քնած ժամանակ։ Սակայն հայկական կողմը ոչ նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածում, ոչ էլ այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության սահմռկեցուցիչ դեպքը պատշաճ ձևով չի ներկայացնում աշխարհին, այլևս դադարել է հղում կատարել այդ հանցագործությանը։

Նման վերջին դեպքն արձանագրվեց անցած շաբաթ՝ Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից, ապա Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այդ պահին դա գուցե հիմնավոր որոշում էր։ Սակայն արդեն 16 տարի մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք եվրոպական այդ երկրի հետ, ինչը, բնականաբար, չափազանց բացասական իրողություն է։ Եվ ստացվում է, որ մի կողմից՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը հայկական դիվանագիտությունը չկարողացավ դարձնել հակառակորդի հակահումանիստական կերպարը բացահայտելու միջոց, մյուս կողմից՝ դրա պատճառով մենք խզեցինք դիվանագիտական հարաբերությունները եվրոպական կարևոր պետություններից մեկի հետ։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունն արդեն տասնամյակից ավելի չի կարողանում համարժեք քայլեր ձեռնարկել այս խնդրի ուղղությամբ։

Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունն աղաղակող հանցագործություն է ինչպես որպես մարդկային ողբերգություն, այնպես էլ միջպետական հարաբերությունների հարթությունում։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ոճրագործությունը և Ադրբեջանին դրա մասին պետք է հիշեցնենք ամեն հարմար առիթի դեպքում, պետք է հիշեցնենք միշտ՝ ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն։

Հավերժ խոնարհում Գուրգեն Մարգարյանի հիշատակի առաջ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին