Կարևոր իրադարձություններ

«Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան». Դավիթ Սանասարյան

14 Փետրվար, 2020 16:32
«Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան». Դավիթ Սանասարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց Սանասարյանի մեղադրական եզրակացությունը:

Ըստ դրա համառոտ նկարագրի՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Դավիթ Բալայանը Սանասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն պարզ է մեղադրանքի էությունը, ինչ դիրքորոշում ունի ինքը դրա վերաբերյալ: Ի պատասխան դատարանի հարցին՝ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ինձ պարզ է, թե ինչ է ասում դատախազը, բայց ես առիթներ եմ ունեցել իմ դիրքորոշումը ներկայացնելու՝ նշված շինծու գործի վերաբերյալ, եւ հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն, ասել եմ, որ նման բան չի եղել, բայց ես բազմիցս հարցրել եմ նրան, նա ինձ հավաստիացրել է, որ ինքը որեւէ կազմակերպության հետ կապ չունի»:

Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, թե դիալեզի գործով պետությանը վնաս է հասցվել, Սանասարյանը հիշեցրեց՝ այդ մասով կա առանձին քրեական գործ, որը ՊՎԾ ուսումնասիրության արդյունք է. «Մամուլում չկա գեթ մեկ դեպք, որ ինչ-որ մեկը տուժել է ՊՎԾ ուսումնասիրությունից»:

Սանասարյանը հայտարարեց՝ ինքը չի ափսոսում, որ ՊՎԾ ուսումնասիրություններն արվել են Վանաձորի եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում. «Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան»,- ասաց նա:

Այս պահին մեղադրող դատախազն ընթերցում է գործով մյուս ամբաստանյալ, ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի մեղադրական եզրակացությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին