Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

14 Փետրվար, 2020 11:57
ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության տեքստում։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է:

Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

 Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում։

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին