Կարևոր իրադարձություններ

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին․ մանրամասներ Փաշինյան- Մերկել հանդիպումից

13 Փետրվար, 2020 22:08
Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին․ մանրամասներ Փաշինյան- Մերկել հանդիպումից

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի և կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ և գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով:

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին