Կարևոր իրադարձություններ

Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու, հարկադրելու համար այսուհետ պատիժը կլինի ազատազրկումը

13 Փետրվար, 2020 12:31
Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու, հարկադրելու համար այսուհետ պատիժը կլինի ազատազրկումը

Կառավարությունն իր այսօրվա  նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Նախագիծը զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի կարևորությունը նախագծի հիմքում դրված նպատակը ընտանիքի` մայրության, հայրության, մանկության պաշտպանությունն է, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Բաթոյանը նկատեց, որ այս կարգավորումը բխում է երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ արձանագրությունից, «Երեխաների պաշտպանության օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայից, ինչպես նաև «Երեխայի որդեգրման մասին» եվրոպական կոնվենցիայից, որը ստորագրվել է ՀՀ կողմից 2008 թվականին:

«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով: Այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»:

Ըստ նոր որոշման` ավելի խիստ պատիժներ են սահմանված, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով:

Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացնեն, օրինակ` մահ, ապա պատիժը կլինի 4-8 տարի ազատազրկումը՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
 

Լրահոս

Դիտել ավելին