Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Մոտ 19 մլն դրամի կոռուպցիոն չարաշահումներ, յուրացումներ՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում. հարուցվել է քրգործ

12 Փետրվար, 2020 13:05
Մոտ 19 մլն դրամի կոռուպցիոն չարաշահումներ, յուրացումներ՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա:   

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել: 

Պարզվել է նաև, որ չնայած դպրոցում ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, սակայն ըստ ներկայացված ճաշացանկերի և հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաև մայիսի 29-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաև կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար ՀՀ դրամի չափով:

Մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ ուսումնական տարվա ավարտից հետո, մայիսի 27-ից հունիսի 30-ը ներառյալ, սննդի ծախսագրում չի իրականացվել: Սակայն սնունդ չստանալու կապակցությամբ երեխաների ծնողների կողմից բողոք կամ դժգոհություն չի եղել: Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն ՀՀ դրամ: 

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ աուդիտորական խումբը ՊՈԱԿ-ի տնօրենի փոփոխությամբ պայմանավորված՝ իրականացվել է 2018թ. և 2019թ. կամայական օրերի սննդի ծախսագրման համադրություն, ինչ արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում բոլոր օրերի համար ծախսագրվել է կրկնակի ավել սնունդ: «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալի» վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանի խախտման արդյունքում հավելագրված սննդի արժեքը կազմում է 15.337.038 ՀՀ դրամ: 

Այսպիսով, ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով սահմանված առավելագույնը 6 հավաքարար ունենալու պահանջը, 2018-2019թթ. պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունել ևս 7 հավաքարարի: Ինչպես նաև՝ 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, և խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերևույթ հափշտակություններ: 

Բացի այդ, աուդիտի և ուսոմնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում: 

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին