Կարևոր իրադարձություններ

Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան․ Արա Բաբլոյանը մեկնաբանել է նոր մեղադրանքը

10 Փետրվար, 2020 20:42
Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան․ Արա Բաբլոյանը մեկնաբանել է նոր մեղադրանքը

Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին եւ իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով նոր մեղադրանքը ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում՝ ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։

Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։

Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։

Վերջիններս, մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց»,- ասել է Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չհաստատեց Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկեց ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին