Կարևոր իրադարձություններ

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

09 Փետրվար, 2020 21:17
«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու նոր միջնորդությունը բավարարվել է: Այս մասին տեղեկանում ենք «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանի սոցցանցերի իր էջում տեղադրած հայտարարությունից։

Հայտարարությունից մասնավորապես նշված է․

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց հերթական պատվերով որոշումը՝ կալանավորելով Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը ժամեր առաջ մեկ այլ դատավոր մերժել էր։ Ընդ որում՝ միջնորդությունը նույն հիմքերով էր, նույն հիմնավորումներով, առանց որևէ նոր հանգամանքի։ Զավեշտն այն է, որ իմ ներկայացրած փաստարկները որևէ կերպ հերքել չկարողանալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշման մեջ ուղղակի նշել է, թե դատարանն այդ հարցին չի անդրադառնում։ Հակառակ դեպքում, ուղղակի չէր կարող չարձանագրել, որ քննիչն այդ միջնորդությունը իրավունք չուներ ներկայացնելու։ Հ․Գ․ Հիմա սպասում եմ, որ իրենց դատավարական օրենսգրքով ղեկավարվելով՝ վարույթն իրականացնող մարմինը մի հատ էլ միջնորդություն ներկայացնի, «նավսյակի», որ եթե վերաքննիչ դատարանը հանկարծ կալանավորումը վերացնի /իսկ հակառակի շանսեր ուղղակի չի ունենալու/, մի հատ ևս կալանավորման որոշում ունենան»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է փաստաբանը։

 Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին