Կարևոր իրադարձություններ

«Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար»․ Արման Բաբաջանյան

09 Փետրվար, 2020 17:59
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
«Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար»․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրում է․

«Առաջարկում եմ միասին մտածել այս տրիվիալ իրողության շուրջ․

Մինչև ընթացիկ ամսվա 27-ը Սահմանադրական դատարանի անդամները կարող են օգտվել վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորությունից՝ թողնելով պաշտոնը հեռանալ և վայելել կյանքն առանց աշխատելու՝ ստանալով նույնքան թոշակ առանց աշխատելու, որքան ստանում են հիմա աշխատավարձ՝ աշխատելով։

Պետությունն այսպիսի բարեգութ է գտնվել և ձեռք է մեկնել դատարանի անդամներին, ովքեր այսպես թե այնպես լքելու ՍԴ անդամի պաշտոնը հանրաքվեի արդյունքում։

Հիմա հարց՝ եթե նրանք չեն օգտվում վաղ կենսաթոշակային օրենքից, կարելի է առնվազն համոզված պնդել, որ նրանք իրենց կյանքի մնացած մասի ընթացքում ստանալիք կենսաթոշակից ավելին ստանալու խոստում են ստացել։

Ենթադրվում է, որ այդպիսի մեծ դրամական խոստում առաջինը կարող էր տալ Ռոբերտ Քոչարյանը, ում վերաբերյալ դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը վերսկսվելու է շատ մոտ ապագայում (իրենց հաշվարկներով մինչև ՍԴ հարցով հանրաքվեն) ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիք ստանալուց հետո։

Երկրորդ նմանօրինակ առաջարկ կարող են անել հանրապետականները, ովքեր ամենամեծ ազդեցությունն ունեն Սահմանադրական դատարանի գործող կազմի վրա։ ՍԴ-ի շուրջ ստատուս քվոյի պահպանումը բաց է պահում գործող իշխանության հետ քաղաքական առևտրի գնալու հնարավարության պատուհանը։

Հանրապետական այս փաթեթում պետք է նկատի առնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանին։

Առաջարկ կարող են անել Հայաստանի և Ռուսաստանի մեծահարուստ հայ օլիգարխները, ովքեր նախկինում կարողացել են իրենց համար անհրաժեշտ քաղաքական տանիք ապահովել արտերկրում սեփական բիզնեսի և անվտանգության համար։

Սահմանադրական դատարանի անդամներին փողի մեծ առաջարկ կարող է անել Հայաստանում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոններից մեկը, որտեղից ակտիվորեն ֆինանսավորվում է Հայաստանում ակտիվորեն գործող հինգերորդ շարասյունը։

Այս ամենի հետևությունը մեկն է՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ՍԴ անդամների վերաբերյալ լյուստրացիայի պահանջն օրախնդիր հարց է։

Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին