Կարևոր իրադարձություններ

«Դավիթ Հարությունյանը հորինում է չեղած խնդիրներ».Ստյոպա Սաֆարյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանի «վերլուծությանը»

08 Փետրվար, 2020 23:10
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Դավիթ Հարությունյանը հորինում է չեղած խնդիրներ».Ստյոպա Սաֆարյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանի «վերլուծությանը»

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Դավիթ Հարությունյանի «վերլուծությանը».

«Պատասխան Դավիթ Հարությունյանի «վերլուծությանը»

Նախկին «էլիտային» իրավագետ (դա իրավագետների այն խումբն է, որոնք նախկինում իշխանության մեջ ունեցած պաշտոնեական դիրքի շնորհիվ ունեին Սահմանադրությունն ու օրենքները մենաշնորհով մեկնաբանելու «բարձր ատյանի» իրավասություն, ինչը կորցրեցին Թավշյա հեղափոխությունից հետո) Դավիթ Հարությունյանը «հասարակության իրավաբանական համայնքին» է ներկայացրել մանվածապատ, բառախաղերով ու բազում հոդվածների վրա հղումների հեղեղով մանիպուլյացիոն մի փաստաթուղթ, որում «ահազանգ է» հնչեցնում այն մասին, թե իբրև ՀՀ Սահմանադրության «Անցումային և եզրափակիչ դրույթներ» բաժնի 213-րդ հոդվածը սահմանադրական հանրաքվեի դնելու մասին ս․թ․ փետրվարի 6-ի ԱԺ որոշումն ընդունվել է ընթացակարգային ու բովանդակային լուրջ խախտումներով»։

Չեմ կարող ասել՝ ի պատասխան այդ «ահազանգի՞», թե՞ հընթացս դրա, կամ անգամ դրանից առաջ, «հասարակության իրավաբանական համայնքի» որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ հասցրել են իրենց հերթին «ահազանգել» ու «մտահոգություն» հայտնել, թե ՍԴ հարցով հանրաքվե անցկացնելու իշխանության որոշումը «կամայական է ու անիրավաչափ»՝ չբերելով դրա գեթ մեկ հիմնավորում։ Այս առումով, թերևս, համեմատության մեջ Դավիթ Հարությունյանն անկեղծ է, թեպետ, ոչ մինչև վերջ։ Թե ինչ է նա թաքցնում ու շրջանցում իր «իրավաբանական գնահատականներում», կանենք մենք:

I. Նախագծի ընդունման ընթացակարգային խախտումներ չկան

Մինչ Դավիթ Հարությունյանը ճգնում է ապացուցել, թե ԱԺ որոշումն ընդունել է ընթացակարգային խախտումներով, արձանագրենք, որ Դավիթ Հարությունյանը ցանկալին ներկայացնում է իրականության տակ և կեղծ եզրակացություն մատուցում, և ահա թե ինչու․

Դավիթ Հարությունյանն իրավացի է, որ ԱԺ փետրվարի 6-ի հայտնի որոշման ընդունումը պետք է տեղի ունենար ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընթացակարգով, այն է՝ «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի»: Արձանագրենք, որ այդպես էլ վարվել է Ազգային ժողովը․ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը հանդես է եկել Սահմանադրության փոփոխությունների նախագծով, որն առաջին ընթերցումից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում չի հավաքել սահմանադրության վերոնշյալ նորմով պահանջվող պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։

Որից հետո Ազգային ժողովը շարժվել է 202-րդ հոդվածի երրորդ կետով․ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:» Դավիթ Հարուրությունյանը նաև դա չի առարկում, բայց բավական խորամանկորեն բացում է կեղծ մեկնաբանության պատուհանը, թե իբրև՝ «որպեսզի Ազգային ժողովը իրավունք ունենա Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պատգամավորների 3/5-րդի որոշմամբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի, անհրաժեշտ է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվի Ազգային ժողովի կողմից» (ԱԺ կանոնակարգի 19-րդ գլուխ)։ Ուշադրություն դարձրեք, որ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի ու նախկին «էլիտային իրավագետների» գրած ԱԺ կանոնակարգ օրենքով խոսվում է ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ նախագծի մասին, այլ ոչ թե՝ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՉԴՈՒՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ մասին, ինչը մեր քննարկման առարկան է։ Դավիթ Հարությունյանն այժմ չի ցանկանում կամ ամաչում է ասել, որ տեղի ունեցածը՝ երբ խնդրո առարկա նախագծի չի ընդունվում հենց առաջին ընթերցմամբ, չի տեղավորվում ԱԺ կանոնակարգ օրենքի 19-րդ գլխի կարգավորումների տակ, որոնք վերաբերում են 2-րդ ընթերցմամբ չընդունվածներին։ Եթե նա խոստովանի, որ չեն պատկերացրել, թե իրավակիրառ պրակտիկայում կարող է նաև այդ դեպքն արձանագրվել, ապա դա մեծագույն ամոթ կլինի Հայաստանի «իրավական ու արդարադատության հիմնադիր հայրերի» համար։ Ոչ էլ կարող է ինքզին անիծելով խոստովանել, որ իրենք ընթացակարգային սողանցք են թողել, որից էլ օգտվել է Ազգային ժողովը, ու դա ամենևին խախտում չէ, քանի որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջները սրբորեն պահպանվել են։

Եւ ահա թե ինչ է մոգոնում Դավիթ Հարությունյանը նման իրավիճակների համար դասական ճանաչված Գալուստ Սահակյանին բնորոշ մեկնաբանության համատեքստում․ չընդունված համարվում է ոչ թե առաջին ընթերցմամբ չընդունվածը, այլ երկրորդ ընթերցմամբ չընդունվածը, իսկ առաջին ընթերցմամբ չընդունվածը դա ոչ թե չընդունված է, այլ շրջանառությունից հանված․․․ մի խոսքով՝ գալուստսահակյանաբար՝ ամեն չընդունված չէ, որ չընդունված է․․․ Ու իրավագիտական մտքի «տիտանը» «առաջին ընթերցմամբ չընդունվածի՝ շրջանառությունից հանված լինելը» «հիմնավորելու համար» կրկին վկայակոչում է խնդրո առարկային ոչ վերաբերելի 5 փուլեր, որպեսզի հիմնավորի այդ տաֆտալոգիան, ու ձեռքի հետ էլ 5 փուլի մեջ մտցնի Սահմանադրական դատարանին՝ որպես հանրաքվեի դրվող հարցերում պարտադիր սահմանադրական վերահսկողության մարմին․․․ Բայց կրկին լռում է այն մասին, թե ինչ է լինում, երբ նախագիծը չի ընդունվում առաջին ընթերցմամբ․․․․

Ահա, այս հիպոթետիկ դեպքը ժամանակին վրիպել է «էլիտային իրավագետների» ամենասուր աչքից, ու այժմ, ոչ այն է կարող են ասել՝ «ինչո՞ւ առաջին ընթերցմամբ չընդունված նախագիծը չեք տարել և ընդունել կամ չընդունել երկրորդ ընթերցմամբ» (ինչը ծիծաղաշարժ հիմարություն կլինի), ոչ էլ այն է` կարողանում են հիմնավորել, որ առաջին ընթերցմամբ չընդունված նախագիծը պետք է անցնի իրենց նկարագրած 5 փուլերը, որոնք նախատեսված են երկրորդ ընթերցմամբ չընդունված, բայց ոչ առաջին ընթերցմամբ չընդունված նախագծերի համար․․․ Այո, փաստացի առկա է օրենսդրական բաց, սողանցք, որից օգտվել է իշխանությունը, և որն ամենևին ընթացակարգային խախտում չէ, մանավանդ որ Սահմանադրության մակարդակում սրբորեն պահպանել են Սահմանադրության տառն ու ոգին։

«Երկրորդ ընթերցմամբ չընդունված նախագծի» համար նախատեսված 5 փուլանոց ընթացակարգը անբարեհաջող կերպով տեղավորելով «առաջին ընթերցմամբ չընդունված նածագծի» վրա ու 4-րդ փուլի տակ «տեղավորելով» Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության փուլը, Դավիթ Հարությունյանը հաջորդ գլուխը վերնագրում է իբրև թե «Սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ սահմանադրական վերահսկողության շրջանցում»։

II. Սահմանադրության մեջ այնուամենայնիվ կա Սահմանադրական դատարանին շրջանցելու սողանցք

Այստեղ Դավիթ Հարությունյանն առաջարկում է Սահմանադրույան 202-րդ հոդվածը ընթերցել ու մեկնաբանել Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների համակցությամբ։ Եւ այստեղ էլ Դավիթ Հարությունյանն իրեն ու Հայաստանի անցյալ 2 տասնամյակներին բնորոշ անփառունակ ավանդույթներին համահունչ՝ «մեկնաբանությունների շենքի» հիմնաքարերը ճիշտ է դնում, որպեսզի դրան հաջորդող «շարքերն ու պատերը» կառուցի այնպես, ինչպես ցանկանում է։ Նա իրավացի է, որ կան ՍԴ-ին իմպերատիվ/պարտադիր ու հայեցողական դիմելու դեպքեր և սուբյեկտնմեր, որոնք տարանջատված նկարագրված են հիշյալ հոդվածների 1-ին և 2-րդ մասերում։ Սակայն, նա խնամքով թաքցնում է, որ ոչ միայն նախորդ բաժնում հանգամանորեն մեկնաբանված «առաջին ընթերցմամբ չընդունված նախագծերի» դեպքում կա ՍԴ-ն շրջանցելու «սողանցք», այլ հենց իր «վերլուծության II բաժնում» վկայակոչված ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասում նկարագրված ընթացակարգում է բացակայում Սահմանադրական դատարանի հիշատակումը։ Կրկին մեջբերենք այդ հոդվածի 3-րդ մասը, ինչը գիտակցված չի անում Դավիթ Հարությունյանը․ «3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի»: Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ բառերի վրա՝ «ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ՁԱՅՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՀԻՆԳԵՐՈՐԴՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԴՐՎԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ», ինչը, նշանակում է՝ «ԿԱՐՈՂ Է ԴՐՎԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ»։ Այդպօես էլ արվել է Ազգային ժողովի կողմից ու այդպես էլ գնում է գործընթացը։ Եթե Դավիթ Հարությունյանը կամ որևէ այլ մեկը կարող է ցույց տալ, որ այսպիսի միարժեք կարգավորումը, որը նախատեսում է հարցը հանրաքվեի դնել, նախատեսում է նաև ՍԴ եզրակացություն, ես պատրաստ եմ ձեռքերս վեր բարձրացնել։ Եթե նախկին «էլիտային իրավագետները» այսպիսի լուրջ բացթողում են կատարել, ապա դա դեռևս չի նշանակում, թե Ազգային ժողովը խախտել է ընթացակարգ, մանավանդ, որ Սահմանադրության մակարդակում կրկին պահպանվել է Սահմանադրության տառն ու ոգին։ Հետևելով Դավիթ Հարությունյանի հորդորին՝ Սահմանադրության այս և այլ այլ նորմերի համակցված ընթերցմանը, կարելի է տասնյակ կամայական «մեկնաբանություններ» կարելի է տալ, որոնցից մեկն էլ Դավիթ Հարությունյանի կարծիքն է, բայց փաստն այն է, որ Սահմանադրության չոր տեքստը չի նախատեսում «հանրաքվեի դրվող որոշման» համար Սահմանադրական դատարանի պարտադիր եզրակացության առկայություն․․․

Չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, թե ինչպես պետք է Սահմանադրական դատարանի ներկայիս անդամները անաչառ ու անկողմնակալ եզրակացություն տան մի հարցի, որը վերաբերում է իրենց, որտեղ իրենք շահերի բախում ունեն, ու տեսականորեն և գործնականորեն նրանք չեն կարող մասնակցել այդ հարցի քննությանը։ Ի վերջո, նույն Սահմանադրական դատարանն էր, որ անցած տարի աշխատակարգիային որոշմամբ Ռ․Քոչարյանին/մարտի 1-ի գործին վերաբերող գործի վարույթից դուրս դրեց Վահե Գրիգորյանին՝ շահերի հակասության հիմնավորումով /վերջինս ինքն էր ազնվորեն խոստովանել ու ՍԴ-ն դա ամրագրեց իկր աշխատակարգային որոշման մեջ/։ Իսկ տվյալ դեպքում ՍԴ 9 անդամներն էլ չեն կարող մասնակցել նման գործի քննությանը, երբ այն իրենց մասին է ու իրենց կանխակալ դիրքորոշումներն այդ հարցով հայտնի են ողջ հանրությանը․․․

III Նախագիծը լուրջ բովանդակային խնդիրներ չունի

Այստեղ էլ Դավիթ Հարությունյանը հորինում է չեղած խնդիրներ, կամ ավելի ստույգ՝ իր բերած հակափաստարկները հենց ՍԴ ներկայիս կազմի դեմ են։ Եւ այսպես․

1-ին մասում Դավիթ Հարությունյանը նկատում է, թե Անցումային և եզրափակիչ դրույթների՝ հանրաքվեի դրվող 213-րդ հոդվածը ««անցումային» է, դրա նպատակը Սահմանադրության այլ դրույթների կենսագործումն ապահովելն է, և ժամանակի ընթացքում դրանք կորցնում են իրենց կարգավորիչ ուժը և ներգործությունը», չգիտես ինչ հիմքի վրա ազդարարում է, թե 7-րդ գլուխն ամբողջությամբ ուժի մեջ է մտել, թեպետ իբև դրա ապացույց բերում է միայն 2 դատավորի նշանակումը նոր ընթացակարգերով։ Սակայն թե երբ է 7-րդ գլուխն ամբողջ ծավալով ուժի մեջ մտել, ոչ մի այլ փաստ չի բերում, դրանով իսկ անուղղակի խոստովանելով, որ «անցումային փուլն» ավարտված չէ, հետևաբար 213-րդ հոդվածը չի կորցրել իր կարգավորիչ ուժը և ներգործությունը, իսկ դա նշանակում է, որ այն ևս կարող է փոփոխվել Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերում նախատեսված ընթացակարգերով։

Այս բաժնի 2-րդ մասում Դավիթ Հարությունյանը փորձում է ներկայացնել, թե «քանի դեռ չեն փոփոխվել Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման վերաբերյալ դրույթները, անցումային դրույթներով անհնարին և անթույլատրելի է դատավորի կարգավիճակի վատթարացումը և նրանց՝ իրենց պաշտոնում անփոփոխելիության երաշխիքից զրկելը»։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է «անթույլատրելի ճանաչել» Սահմանադրությամբ նախատեսված որևէ մարմնի, իսնտիտուտի լուծարման կամ փոփոխության ցանկացած օրինական հանրաքվե, ինչ է թե այդ մարմնի/ պաշտոնյաների կարգավիճակը վատթարանում է․ ասենք թե՝ հանրաքվե պատգամավորի անձեռնխելիության վերացման հարցով, ինչ է թե դրա արդյունքում պատգամավորի կարգավիճակը վատթարանում է․․․ Նման հարցերի «թույլատրելի ու անթույլատրելի» լինելը ո՛չ որոշում է Դավիթ Հարությունյանը, ո՛չ հասարակության իրավաբանական համայնքը, ո՛չ էլ որևէ մեկը, այլ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։

Թերևս անհնար է չհամաձայնել Դավիթ Հարությունյանի վերլուծության 3-րդ մասում թվարկված մտահոգության հետ, որ միառժամանակ հնարավոր է ստեղծվի «սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ», երբ հանրաքվեի արդյունքում ՍԴ 9 անդամներից 7-ը չլինեն և քվորումի խնդիր լինի։ Մի կողմ եմ թողնում, թե որքան սյուռեալիստական է Դավիթ Հարությունյանի հղումը «ՀՀ քաղաքացիների վրա», երբ նշում է, թե «Այս ժամանակահատվածում քաղաքացիները զրկված կլինեն սահմանադրական արդարադատության միջոցով իրենց իրավունքների պաշտպանությունից, Ազգային ժողովի կողմից չեն կարող վավերացվել միջազգային պայմանագրեր»․․․ Թե այդ երբվանի՞ց են Դավիթ Հարությունյանը և իրենց իշխանությունը մտահոգվել «սահմանադրական արդարադատություն փնտրող ՀՀ քաղաքացիներով», մարդկությանն անհայտ է։ Թե քանի՞ անգամ է ՀՀ Ազգային ժողովը խամաճիկ Սահմամանադրական դատարանին շրջանցել իր ընդունբած որոշումների կամ միջազգային պայմանագրերի կնքման գործընթացում, կամ թե որքա՞ն հակասահմանադրական են եղել ՍԴ-ի որոշումները կոնկրետ պայմանագրերի սահմանադրականության հարցը քննելիս, ավելի լավ է նախկին իշխանությունները լռեն․․․ Այս թեմայով քննարկումը հաստատ իրենց և ՍԴ-ի ներկայիս կազմի օգտին չէ․․․

Եւ վերջապես, ամենաուշագրավը ՍԴ-ն քաղաքականացնելու վտանգի մասին Դավիթ Հարությունյանի պնդումներն են։ Ըստ դրանց՝ ստացվում է, որ մինչև 2018թ․ ապրիլ-մայիսյան Թավշյա հեղափոխությունը Սահմանադրական դատարանը, ի դեմս իր կազմավորման նախկին կարգի, եղել է քաղաքականացված։ Դավիթ Հարությունյանն ակնարկում է, թե այժմ հենց եկել է ՍԴ-ի ապաքաղաքական լինելու ժամանակը, երբ նրա կազմն առաջադրված ու նշանակված չէ նոր իշխանությունների կողմից։ Սակայն այստեղ Դավիթ Հարությունյանը պետք է մի քանի առանցքային հարցի պատասխանի․ մինչև 2018թ․ ապրիլ-մայիս ամիսները, երբ դեռ տեսանելի չէր, որ երկրում նոր իշխանություններ կլինեն Թավշյա հեղափոխության շնորհիվ, երբ իր կուսակցությունը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը, որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար անփոխարինելի է ու պետք է շարունակի վարչապետի պաշտոնում պաշտոնավարել նաև հետագայում, երբ ՀՀԿ խոսանկը հայտարարում էր, որ բոլոր որոշումների ընդունումն անցնելու է Մելիք Ադամյան փողոցով, ու այդ ընթացքում ՍԴ-ն համալրվում էր նոր անդամներով, այդ թվում՝ նոր նախագահով, արդյո՞ք կազմավորում էր քաղաքականցված ՍԴ և արդյո՞ք ընտրում էին ՍԴ քաղաքականացված նախագահ․․․ Եթե այո, ուրեմն Սահմանադրական դատարանի քաղաքականցված անդամներն առավել քան երբևէ ու հնարավորին արագ՝ հանրաքվեով, պետք է լքեն իրենց պաշտոնները։

Այս ամենում ամենասյուռեալիստական դրվագներից մյուսն էլ այն է, որ նախկին բոլոր հանրաքվենորում «Այո»-ի շտաբի մշտական անդամ Դավիթ Հարությունյանը այժմ կլինի «Ոչ»-ի շտաբում։

Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ»

 

Լրահոս

Դիտել ավելին