Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

07 Փետրվար, 2020 20:41
Բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջացառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի սահմանաչափից ավելի փայտանյութ տեղափոխող անձանց՝ ինչի հետևանքով ապօրինի ծառահատումների դեմ ուղղված ոստիկանության միջացառումները որոշ դեպքերում ցանկալի արդյունք չեն տվել։

Մասնավորապես, համայնքային ոստիկանը ապօրինի ծառահատմամբ զբաղվող աձնին հայտնել է ոստիկանների գտնվելու վայրը, փայտածուխի արտադրությամբ զբաղվող անձանց նախապես զգուշացրել է ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների հնարավոր հանկարծակի ստուգայցի մասին և հորդորել վերացնել փայտածուխը պատրաստելու համար նրանց կողմից թույլ տրված խախտումների հետքերը, փայտանյութի մշակման արտադրամասի սեփականատիրոջը նախազգուշացրել է ոստիկանների՝ համայնք այցելելու մասին և հորդորել մինչև նրանց ժամանելը դադարեցնել արտադրամասի աշխատանքները։ Ոստիկանն իր ծառայության ընթացքում թույլ է տվել, որ քաղաքացիներն առանց ստուգման անշարժ պահակետով փայտանյութ տեղափոխեն։ Դրա համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել նույն բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ավագ ոստիկանի հետ։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի վերաբերյալ մանրամասներ։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ փոխգործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ բացահայտվել է ոստիկանության մեկ այլ ծառայողի ապօրինություններ։ Ըստ քննությանը հայտնի նախնական տվյալների՝ ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի վաշտի ոստիկանը զբաղվել է փայտանյութի ապօրինի վաճառքով։
Ծառայողական քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է ոստիկանի կողմից Գանձաքար գյուղի հարակից տարածքից ապօրինի եղանակով ընկուզենի տեսակի փայտանյութ ձեռք բերելու և վաճառելու հանգամանքը։
Պարզվել է նաև, որ ոստիկանը և երկու քաղաքացիներ, բեռնատարով, «Խաչարձան» անտառպետության տարածքից դուրս են բերել փայտանյութ, տեղափոխել և վաճառել։
Այս դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին