Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեից վախենալ պետք չէ, ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան

07 Փետրվար, 2020 20:00
Հանրաքվեից վախենալ պետք չէ, ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:

Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին