Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևից:
«Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, բայց կան այլ երկրներում, բայց ԵԽԽՆ-ն այս հարցին ուշադրություն չի դարձնում»: Ալիևն «օրինակ» է բերել Հայաստանի նախկին նախագահներից երկուսի դեմ հարուցված քրեական գործերը:
Ալիևի համոզմամբ` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի:
«Ավելի քան մեկ տարի է, ինչ ձերբակալված է ՀՀ երկրորդ նախագահը, նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկության մասին, և ավելի քան մեկ տարի գտնվում է բանտում: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», - դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ հայտարարել է Ալիևը: