Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ

06 Փետրվար, 2020 11:20
Արթուր Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ հայտարարելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին։

«Այսօր ես հայտարարելու եմ իմ՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում»,- տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպմանը հայտարարել է  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Առաջիկայում կստեղծեն, կգրանցեն կուսակցություն, արդեն իրականացնում են քաղաքական խորհրդատվություններ: Արթուր Վանեցյանը նշել է, որ չի կարող անուններ տալ, թե ովքեր են իրենց կուսակցության անդամները լինելու․ ուղղությամբ կենտրոնամետ աջ են լինելու:

«Այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել հասարակության այն լայն զանգվածը, որը դժգոհ է, չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, և նրանց հույսերը չեն արդարացվել: Նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին: Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը կեղծ օրակարգ է, որը բերվել է քաղաքական դաշտ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու եմ դրա դեմ: Նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»,-ասել է նա:

Արթուր Վանեցյանը նաև հայտնել է, որ ստեղծել են «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, քանի որ կարևորում է քաղհասարակության դերը: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ՀԿ դաշտը մնացել է դատարկ:

Հանդիպմանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասի, Վանեցյանն ասել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի սպանված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստո՞ւմ է դրան, թե՞ ոչ: Այնուհետև պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ: Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, և նա երբևիցե իր որևէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջաններում լարվածությունը և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:

Իր և Նիկոլ Փաշինյանի ծանոթության մասին ևս մեկ անգամ ասել է, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է իր ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով. «Մենք իրար հետ ծանոթացել ենք նրա միջոցով, մի քանի անգամ շփվել ենք, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը պատմեց, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին: 2018-ին ես եղել եմ ԱԱԾ գործող սպա, և գործող սպայի աշխատանքի գործառույթներից չի բխում մասնակցություն ունենալ որևէ քաղաքական գործընթացի»: Հարցին՝ Իջևանում ծառահատումների ժամանակ իր ցուցաբերած ակտիվությունը կարո՞ղ է օգտագործվել որպես իր դեմ կոմպրոմատ, նա պատասխանել է. «Եթե ես չգնայի Իջևան, կարող էինք ունենալ բախումներ ոստիկանական ուժերի ու քաղաքացիների միջև, քանի որ որոշվել է այս երկրում, որ ճանապարհ փակելու, բողոքելու և բողոքի ձայն բարձրացնելու հարցում կա մենաշնորհ, և դրանից օգտվում են ոմանք: Ով խախտում է, պետք է շատ կոշտ արձագանքի արժանանա: Դա է եղել պատճառը, որ գնացել եմ Իջևան: Ինձ վրա կոմպրոմատներ լինել չեն կարող, քանի որ չեմ արել մի բան, որից կարող եմ ամաչել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին