Կարևոր իրադարձություններ

Արեւիկ Անափիոսյանը հեռանում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

06 Փետրվար, 2020 10:47
Արեւիկ Անափիոսյանը հեռանում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Շրջանառվող լուրերը, թե Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հեռանում է պաշտոնից, հաստատվում են:

Անափիոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր տեղեկացրել է, որ սկսել է ուսանել Հարվարդի համալսարանում եւ դուրս գալով աշխատանքից, հույս է հայտնում է, որ պետության համար կարևոր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել:

«Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն:

Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն))

Միջազգային համագործակցության մասով` այս ընթացքում հասկացա, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու համագործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի. հույս ունեմ այստեղ էլ նույն ռիթմով կշարունակվի)) ու քանի որ սա հաշվետվության հայտարարություն չի, այլ սովորելուս մասին ընդգրկուն հրապարակում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին, իսկ թե կան ընկերներ կամ գործընկերներ, ում պատահաբար վրդովեցրել եմ, ապա այսօր սիրով հրավիրում եմ «Բարով մնաք» երեկոյին»,-գրել է փոխնախարարը:

Հիշեցնենք,  որ ԿԳՄՍ փոխնախարարներից մեկն էլ բոլորովին վերջերս էր ազատվել աշխատանքից, իսկ մյուսը կալանավորված է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին