Կարևոր իրադարձություններ

«Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ` մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած երկիր». Տիգրան Ավինյան

05 Փետրվար, 2020 19:08
«Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ` մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած երկիր». Տիգրան Ավինյան

Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։
Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած ու նորարարական լուծումներով հարուստ երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և տեղի ունեցող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը։

Թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։
Կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլոտներում մենք կոնկրետ թիրախներ ենք ամրագրել:

Այսպիսով.
- Առաջին հերթին իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում, թվայնացում ու ավտոմատացում,
- Ապահովել գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացում, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերը կրճատել,
- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիությունը և համաժամանակեցումը,
- Արդիականացնել, ավտոմատացնել և թվայնացնել պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա: Սա հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց որևէ տվյալ պահանջել ընդամենը մեկ անգամ,
- Իրականացնել տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար ապահովել բարենպաստ միջավայր,
- Թվայնացման ընթացքում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և անձնական տվյալների պաշպանությունը։

Ընդհանուր առմամբ, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման մասով սահմանված նպատակները բավականին հավակնոտ են և վերաբերում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Նշված նպատակների իրականացումը պահանջում է համակարգված միջգերատեսչական համագործակցություն և հենց աշխատանքները ներդաշնակեցնելու նպատակով էլ ստեղծվել է Թվայնացման խորհուրդը։

Խորհրդի շրջանակներում մենք ապահովելու ենք․
• Թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարությունների, ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի քննարկում,
• Թվայնացմանը վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցում,
• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում։
Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։ Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարևորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող և համաձայնեցնող մարմինը»։


 

 

Լրահոս

Դիտել ավելին