Կարևոր իրադարձություններ

Կրթության և գիտության ոլորտում հաղթանակները նույնն են, ինչ օլիմպիական հաղթանակները. նախագահը ընդունել է Միջազգային մրցույթին մասնակցած՝ ԵՊՀ թիմին

05 Փետրվար, 2020 18:32
Կրթության և գիտության ոլորտում հաղթանակները նույնն են, ինչ օլիմպիական հաղթանակները. նախագահը ընդունել է Միջազգային մրցույթին մասնակցած՝ ԵՊՀ թիմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Թբիլիսիում կայացած միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ թիմը դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Շնորհավորելով ուսանողներին ձեռքբերման համար՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ եւ հաղթանակ է մաղթել թիմին՝ նշելով, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել: Նա ասել է, որ նման հաղթանակները նույնն են, ինչ սպորտային եւ օլիմպիական հաղթանակները, եւ դրանք նույն ուշադրությանն ու վերաբերմունքին պետք է արժանանան:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն ասել է, որ թիմը բացառիկ արդյունք է գրանցել մի քանի փուլից բաղկացած այս հեղինակավոր եւ ուժեղ մրցույթում. եզրափակիչը տեղի կունենա 2020թ. հունիս ամսին, Մոսկվայում: Համալսարանական ուսանողները պատմել են մրցույթի եւ իրենց ապագա ծրագրերի մասին: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած վերաբերմունքի համար, նշելով, որ նախագահի ուշադրությունն ուսանողների համար ոգեւորող է: Նա շատ էական է համարել այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կարեւորել եւ կարեւորում է ծրագրավորման ոլորտը, որը հեռանկարային է մեր երկրի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին