Կարևոր իրադարձություններ

Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների որդիները զորամասում նեղացնում են մյուսներին․ «Ժողովուրդ»

05 Փետրվար, 2020 08:13
Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների որդիները զորամասում նեղացնում են մյուսներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով` մինչեւ հունվարի 30-ը` Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին: Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, մեր տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, եւ բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան եւ դրա հետեւանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից, սակայն նա ողջ օրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար: Թերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ ելքեր գտնելու համար, ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաեւ մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին