Կարևոր իրադարձություններ

Դատարանը սանկցիա կիրառեց Քոչարյանի փաստաբանների նկատմամբ

04 Փետրվար, 2020 14:12
Դատարանը սանկցիա կիրառեց Քոչարյանի փաստաբանների նկատմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում  է Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործի քննությունը։

Սույն գործով միակ ամբստանյալը, որը գտնվում է կալանքի տակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Մինչ բուն դատավարությանն անցնելը, դատավոր Աննա Դանիբեկյանը բացատրություն պահանջեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից՝ հետաքրքրվելով, թե ինչու վերջիներս նախորդ դատական նիստին չեն ներկայացել։

Քոչարյանի փաստաբանները տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին, ընդհուպ մինչև իրենց հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը լսելով պաշտպանական կողմի պատճառաբանությունները, ասաց, որ պաշտպանների ներկայացրած դիմումներից ակնհայտ է, որ վերջիներիս վարքագիծը համաձայնեցված էր և պատճառաբանված էր նույն հանգամանքներով․ «Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների դատավարական պարտականություն է հանդիսանում ներկայանալ դատական նիստերին և իրականացնել իրենց պաշտպանյալների շահերի պաշտպանությունը։ Պաշտպանների դժգոհությունը դատարանի գործողություններից կամ դատարանի որոշումներից չի կարող արդարացնել նման պարտականություն չկատարելը»,- ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Դատարանն արձանագրեց, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, քանի պաշտպանների դիրքորոշումից առկա չէր դատարան չներկայանալու որևէ հարգելի պատճառ։  « Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ՝ Հովհաննես Խուդոյանի, Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Վարդևանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չի իրականացվել իրենց դատավարական պարտականությունը, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալու, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի բնականոն ընթացքը։

Դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի 1 կետով որոշեց կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով։ Սանկցիայի վերաբերյալ որոշումը կներկայացվի ՀՀ փաստաբանների պալատին»,- ասաց դատավորը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին