Կարևոր իրադարձություններ

«Իմ բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են եւ չեն փոխվելու. Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու». Քանանյան

04 Փետրվար, 2020 13:36
«Իմ բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են եւ չեն փոխվելու. Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու». Քանանյան

Սիրելի հայրենակիցներ։ Կրկին ներողություն եմ խնդրում, որ այս օրերին ուշ-ուշ եմ գրում։ Բանակցությունները դժվար են ընթանում, բայց հույս կա, որ այսօր կամ վաղն իրավիճակը վերջնականապես կհստականա։ Անկախ բանակցությունների ելքից՝ իմ ձեւակերպած, Քարվաճառի բնակչության պաշտպանած եւ Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են եւ չեն փոխվելու։

Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության եւ առկա օրենսդրական պահանջների։

Երախտագետ եմ բոլոր հարազատ ընկերներիս, աջակիցներիս, իմ առողջությամբ անկեղծօրեն մտահոգ հայրենակիցներիս։ Միաժամանակ՝ տարակուսանք եւ զարմանք եմ ապրում, երբ ինձ ուղղված հացադուլից դուրս գալու կոչերը հնչում են Արցախի կառավարության, ավերիչ ՓՀԷԿ-աշինության ակունքում կանգնած անձանց կամ Երեւանում համապետական նշանակության պաշտոն ստացած ընկերներից։

Պաշտոնական Երեւանը պետք է, ի վերջո, լրջանա եւ գիտակցի, որ «երկու հայկական պետությունների» անհեթեթ թատրոնի բեմադրումը ոչ միայն ոտնահարում է ՀՀ պետականաստեղծ ակտերի գերակա սահմանադրականությունը, այլեւ անպատասխանատու եւ անբարո «ցինիզմ» է՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ եւ խորապես պետականավնաս վարքագիծ։

Իսկ Արցախի կառավարությանը հորդորում եմ ոչ թե ինձ հացադուլից դուրս գալու կոչեր ուղղել, որի բարոյական իրավունքը նա չունի, այլ գիտակցել, որ Հայոց պետության կայուն զարգացման եւ անվտանգության հրամայականներն անսահմանորեն վեր են քրեական օլիգարխիայի մասնավոր հակապետական շահերը սպասարկելու «առաջնահերթությունից»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին