Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնաբաժինն «Արդշինբանկում» նվազել է. Hetq.am

04 Փետրվար, 2020 10:05
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնաբաժինն «Արդշինբանկում» նվազել է. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» բաժնետեր է: Մինչեւ 2018 թ. մայիսի 12-ին փոխվարչապետ նշանակվելը Գրիգորյանն այս բանկի վարչության նախագահն էր, դրան փոխկապակցված «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահը եւ բանկի 67,9 տոկոսի բաժնետեր «Արինս Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենը:

2018-ին գրել էինք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 67,9 տոկոսը տերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, 29,5 տոկոսն էլ պատկանում է ««Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ին, որը նաեւ «Արինս Գրուպի» սեփականատերն է, այսինքն՝ բանկի 97,4 տոկոսը պատկանում է «Ռեգիոնին», որի միակ սեփականատերն ու փաստորեն նաեւ բանկի գլխավոր վերջնական շահառուն Կարեն Սաֆարյանն է՝ «Արդշինբանկի» խորհրդի նախագահը:

Փոխվարչապետ նշանակվելիս Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկի» 1,000056 տոկոսի սեփականատերն էր: Նա ՓԲԸ-ում ուներ 5023 բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 100.000 դրամ է, այսինքն՝ բանկում Գրիգորյանի մասնաբաժնի ընդհանուր արժեքը հավասար էր 502.300.000 դրամի:

Ինչպես տեղեկանում ենք «Արդշինբանկի» կայքից, 2019 թ. փետրվարին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «Արդշինբանկի» նոր կանոնադրությունը, որով վերջինիս կանոնադրական կապիտալը նախկին 50.227.200.000 դրամի փոխարեն սահմանվել է 52.227.200.000 դրամ: Կանոնադրական կապիտալը բաժանված է 502.272 հատ սովորական եւ 20.000 հատ «A» դասի փոփոխական շահութաբաժնով փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 100.000 դրամ է: Այսինքն՝ տարբերությունն այն է, որ անցյալ տարի բանկի կապիտալում ավելացվել է 20.000 հատ արտոնյալ բաժնետոմս, ինչից էլ 2 մլրդ դրամով աճել է կանոնադրական կապիտալը:

Այս փաստին զուգահեռ նկատենք, որ, համաձայն «Արդշինբանկի» կայքի, երկու նշանակալի բաժնետերերի՝ «Արինս Գրուպի» եւ «Ռեգիոնի» մասնաբաժինները տոկոսային առումով որեւէ փոփոխության չեն ենթարկվել (67,9 եւ 29,5 տոկոս համապատասխանաբար): Ընդ որում՝ կայքում, ի տարբերություն նախկինի, այլեւս ներկայացված չեն ոչ նշանակալի բաժնետերերի տվյալները, որոնցից մեկն էլ փոխվարչապետ Գրիգորյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին