Կարևոր իրադարձություններ

Փողոցային արդարադատություն՝ զինվորի գործով. Հիմնական հարցը կախված է օդում. «Ժողովուրդ»

04 Փետրվար, 2020 09:29
Փողոցային արդարադատություն՝ զինվորի գործով. Հիմնական հարցը կախված է օդում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փետրվարի 2-ին հայ հանրությունը բավականին տխուր տեսարանի ականատես եղավ. կիրակի օրը Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից մարդիկ վերցրել էին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի դին և բերում էին Երևան: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաջողվեց համոզել հարազատներին հետ տանել դին, հուղարկավորությունը պատշաճ կազմակերպել:

Տեղի ունեցածը, սակայն, բազում հարցեր է առաջացնում:

Նախ՝ ինչո՞ւ էր հարազատների ցասումը հանդարտեցնելու գնացել Դավիթ Տոնոյանը, որը Զինված ուժերի, կանոնադրական հարաբերությունների ու, ընդհանրապես, զորքի հետ որևէ առնչություն չունի: Դրա պատասխանատուն բացառապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է:

Բացի այդ, շաբաթ օրը տեղի ունեցավ 2 անցանկալի իրադարձություն ևս. Տոնոյանը ստիպված եղավ հասարակության դժգոհությունը մեղմելու համար կարծիք հայտնել, թե տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Զինվորի հարազատները պնդում էին՝ հանեն պիտակը, տան անունները, թե ով է սպանել իրենց զավակին: ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ շուտով հայտարարություն կլինի, կտան անուններ:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես ծանուցեց՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Սա նշանակում է, որ մեր երկրում տեղի է ունենում փողոցային արդարադատություն. հավաքված մարդիկ են որոշում՝ ում ինչ հոդվածով պատժեն: Իսկ ամենաուշագրավն այն է, որ եթե ինքնասպանություն չի եղել, ինչպես հայտարարվել էր հենց դեպքի օրը (հետո փոխվեց հոդվածը), ապա ո՞վ է մարդասպանը: Նկատենք, որ անգամ այն հոդվածը, որով ձերբակալել են երիտասարդներին, չի տալիս հիմնական հարցի պատասխանը՝ ով է կրակել զինվորին և ինչ դրդապատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին