Կարևոր իրադարձություններ

Սահմանը հատելու պահից սկսած 14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր եղել են Չինաստանում և չունեն կորոնավիրուսի ախտանշաններ

03 Փետրվար, 2020 20:23
Սահմանը հատելու պահից սկսած 14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր եղել են Չինաստանում և չունեն կորոնավիրուսի ախտանշաններ

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։ Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։

14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք,
ում մոտ ի հայտ են գալիս նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն, անմիջապես հոսպիտալացվում են և մեկուսացվում, իրականացվում համապատասխան հետազոտություն և բուժում։

Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա այն իրականացվում է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող պացիենտներին՝ անվճար։

Հաշվի առնելով լաբորատոր հետազոտության առանձնահատկությունը (հսկիչ նյութերի նպատակային ծախս)՝ նմուշառումն կատարվում է փուլային՝ միաժամանակ ապահովելով մի քանի հիվանդի նմուշառում։

Անհարկի խուճապ չառաջացնելու, ինչպես նաև մասնագետների աշխատանքին չխոչընդոտելու նպատակով
հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, հետևել միայն պաշտոնական լրահոսին և հարցեր լինելու դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003
հեռախոսահամարով, կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ 010 550601 հեռախոսահամարով։

 

Լրահոս

Դիտել ավելին