Կարևոր իրադարձություններ

«Հրայր Թովմասյանի համահեղինակած իրավական ակտերի «գոհարներից»». Դանիել Իոաննիսյան

03 Փետրվար, 2020 19:57
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
«Հրայր Թովմասյանի համահեղինակած իրավական ակտերի «գոհարներից»». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հրայր Թովմասյանի համահեղինակած իրավական ակտերի «գոհարներից»

Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրության հեղինակ և սահմանադրական իրավունքի ակսակալ Հրայ Թովմասնյանի համահեղինակած իրավական ակտերում (Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենք) բազում են հակաժողովրդավարական կարգավորումները: Բայց ես կհիշատակեմ միայն որոշ փնթիություններ, որոնք վերջերս նկատել եմ ու հիմա կմտաբերեմ (էնպես չի, որ ուսումնասիրել ենք, պարզապես էս պահին հիշածս եմ գրում):

ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակի մեքենան

Սահմանադրության 92-րդ հոդվածն ամրագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են դրա արձակումից 30-ից 45 օր հետո: Սակայն, Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը ենթադրում է, որ զինվորականների ընտրական ցուցակները պետք է ԿԸՀ-ին փոխանցվեն քվեարկությունից 50 օր առաջ: Այսինքն, եթե Հրայր Թովմասյանը ամեն ինչ ճիշտ է գրել, ապա ընտրությունը նշանակելուց հետո պետք է ժամանակի մեքենայով հետ գնալ ու փոխանցել ցուցակները:
Առհասարակ Ընտրական օրենսգրքի բազմաթիվ ժամկետներ, մեղմ ասած, հակասում են արտահերթ ընտրությունների սահմանադրությամբ նշված ժամկետին: Այդ պրոբլեմների մի չնչին մասն է լուծված՝ արտահերթ ընտրությունների համար առանձին ժամկետներ սահմանելով: Նման խնդիրներ կան օրինակ, ԸՕ 4-րդ գլխում և 13-րդ հոդվածի 2-րդ մասում:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների իրարամերժ կարգավորումները

Մի կողմ թողնելով այն, որ Հրայր Թովմասյանը մի օրենքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում գրել է «լիազորություների ժամկետի կրճատում» եզրույթը, իսկ Ընտրական օրենսգրքում «ավագանու արձակում» եզրույթը, նա նաև լրջագույն բացթողումներ է արել: Այդ երկու օրենքներում Թովմասյանը Երևանի ավագանու ընտրությունների տարբեր՝ իրար հակասող, ժամկետներ է գրել: Ընդ որում, Ընտրական օրենսգրքում գրված ժամկետն այնպիսին է, որ Կառավարությունը կարող է տարիներով հետաձգել արտահերթ ընտրությունը:
Մանրամասն այդ մասին գրել ենք՝ https://uic.am/4748

 ԿԸՀ անդամի հակասահմանադրական պահանջներ

Սահմանադրության 195-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանվում է այն պահանջների ամբողջականությունը (չշփոթել անհամատեղելիության պահանջների հետ), որոնց պետք է բավարարի ԿԸՀ անդամ ընտրվող անձը:
Սակայն, Ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածով, պարզապես թռնելով Սահմանադրության գլխի վրայով, ԿԸՀ անդամի թեկնածուի նկատմամբ մի փունջ լրացուցիչ պայմաններ են դրվել:

Երևի կարող եմ չգրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փնթիության մասին (որտեղ «մոռացել են» գրել, որ ՍԴ անդամները դառնում են ՍԴ դատավոր) և հեղափոխությունից հետո ի հայտ եկած ու շատ ծեծված այլ կարգավորումներից (վարչապետի ընտրություն և այլն), որոնք ևս Սահմանադրության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի դրսևորումներից էին:

Հ.Գ. Ճիշտն ասած, այսքանը չէի գրի, եթե ոմանք կասկածի տակ չդնեին այն, որ Հրայր Թովմասյանի հեղինակած իրավական ակտերի մեջ լրջագույն տեխնիկական խնդիրներ կան, ինչը խոսում է իր մասնագիտական որակների մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին