Կարևոր իրադարձություններ

Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը. Մաշալյան

03 Փետրվար, 2020 14:24
Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը. Մաշալյան

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Ermenihaber-ը:

Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել:

Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:

«Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում»,- ասել է պատրիարքը:

Լրագրողի այն հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է.

«Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»:

Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը՝ նշելով, որ դա ապագան ապահովագրելու նշանակություն կունենա:

«Շատ մեծ դաս է Սիրիայում կատարվածը, երբ բարեկամաբար ապրող ժողովուրդները հանկարծակի սկսեցին իրար խեղդել: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ աշխարհի ժողովուրդներն ապրեցին: Ազգայնականության հիմքը դրվեց, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունը ստեղծել: Եթե ազգային պետություն եք ստեղծելու, որտեղ արդեն իսկ բոլորը միասին են ապրել, ապա ի՞նչ պետք է անեք մնացած ազգերի հետ»,- ասել է Մաշալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին