Կարևոր իրադարձություններ

Նախկին փոխնախարարը դարակից հանում է Ռազմիկ Աբրահամյանի փոխանցած 3000 ԱՄՆ դոլարը․ շարունակվում է Աբրահամյանի գործով դատական նիստը

03 Փետրվար, 2020 12:58
Նախկին փոխնախարարը դարակից հանում է Ռազմիկ Աբրահամյանի փոխանցած 3000 ԱՄՆ դոլարը․ շարունակվում է Աբրահամյանի գործով դատական նիստը

Այսօր՝ փետրվարի 3-ին,  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նախկին պաշտոնյան  կաշառք է վերցել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։

Այսօրվա նիստում հետազոտվեցին գործի ընթացքում ձեռքբերված տեսանյութերը։ Նշենք, որ այն լրագրողներին նկարելը արգելված էր։

Ներկայացված տեսանյութում երևում էր, թե ինչպես է  Արսեն Դավթյանը դարակից հանում 3000 ԱՄՆ դոլարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Նշենք, որ տեսանյութը իրավապահների կողմից գաղտնի նկարահանվել էր։  Տեսանյութում Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: «Չգիտեի ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»,- ասել է  Դավթյանը։

Չնայած այս գործը չի առնչվում ապօրինի որդեգրված երեխաների գործին, սակայն, նիստին ներկա էին նաև երեխաներից զրկված ծնողները։

Մեղադրական եզրակացության համաձայն՝  Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին