Կարևոր իրադարձություններ

Ամուլսար լեռան վրա նոր կենդանատեսակ է հայտնաբերվել․ EcoNews

03 Փետրվար, 2020 10:48
Ամուլսար լեռան վրա նոր կենդանատեսակ է հայտնաբերվել․ EcoNews

Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել:

«Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա:

Հայաստանի համար մյուս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, հայտնաբերվել է Վեդիի և Խոր Վիրապի շրջակայքում, 2019թ.-ի աշնանը:

EcoNews.am-ը զրուցեց Կենդանաբան Վասիլ Անանյանի հետ, որը հայտնեց՝ ուսումնասիրության մասին ամբողջական հոդվածը լույս կտեսնի գարնանը: «Այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան այդ միջատի մասին, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»,- նշեց նա:

Aeshna juncea տեսակը հայտնաբերվել է Ամուլսարի լանջին: Վասիլ Անանյանը մանրամասնեց. «Հանքավայրի տարածք է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել. այնտեղ ոչ մի տեղ նշված չեն այդ սահմանները: Տարածքում ես նաև մեկ լիճ կուզեի ստուգել, որտեղ չկարողացա գնալ, քանի որ ասեցին, թե հանքի տարածքում է. Բենիկի լիճը: Ես արբանյակային նկարներով նայել եմ այդ լիճը եւ այնտեղ առափնյա բուսականությունը մաքրել են, ինչ-որ աշխատանքներ են արել, իսկ դա նշանակում է՝ կենդանին, որը 99 տոկոս հավանականությամբ այնտեղ ապրում է, ջրի ռեժիմի հետ փոփոխություններն իր վրա կարող են բացասական ազդել, բայց ես չեմ կարողացել այնտեղ գնալ»:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք տեսակը մինչ այժմ եղել է Հայաստանում, կենդանաբանն ընդգծեց, որ տեսակը Հայաստանում կա սառցե ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչեւ այսօր չեն տեսել, չեն հայտնաբերել:

Խոսելով կենդանատեսակի տարածվածության մասին Վասիլ Անանյանը նշեց, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածված տեսակ է, ամբողջ Եվրասիայով, նաև՝ Հյուսիսային Ամերիկայով և միջազգային մակարդակով վտանգված չէ: «Բայց դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ համար էական է տեսակի վիճակը Հայաստանում, իսկ այդ տեսակետից տեսակը միայն մի փոքր կետից է հայտնի ու այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակներ են, ինչը նշանակում է, որ այդ տեսակի թվաքանակը շատ-շատ քիչ է, բայց չի բացառվում, որ Հայաստանում այլ վայրերում էլ հայտնաբերվի… չի բացառվում, բայց դեռ հայտնաբերված չէ»:

Հարցին, թե՞ ավելի լայն ուսումնասիրության դեպքում հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հայտնաբերված տեսակները ՀՀ կենդանիների Կարմիր գրքում ընդգրկել, կարևոր դիտարկում արեց: Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը հայտնաբերվել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամյակներ շարունակ մարդու կողմից արդեն իսկ ձևափոխած կենսամիջավայրում է ապրում: «Այս տեսակը մարդու փոփոխության հետևանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկա տարածքում, ճահճուտներում ապրում է, և մարդու գործունեությունը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով Կարմիր գրքում ներառելու անհրաժեշտություն չկա, բայց մյուս տեսակը, որը հայտնաբերվել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանափակ, փոքր կտոր հողի վրա, և մարդու գործունեությունն այդտեղ կարող է միանգամից ազդել և վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պետք վերաբերվել: Նման տեսակները, որոնք շատ քիչ տեղերից են հայտնի եւ իրենց բնակավայրերը փոփոխվում են մարդու կողմից, պետք է ուշադրության տակ լինեն և անպայման Կարմիր գրքում ներառվեն»,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին